Մերկելը վերջին ճառն է արտասանել ՔԴՄ-ի ղեկավարի կարգավիճակում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Քրիստոնեադեմոկրատական միության նախագահի կարգավիճակում դեկտեմբերի 7-ին Համբուրգի համագումարում արտասանած իր վերջին ճառում երախտագիտություն է հայտնել գրեթե 19 տարի կուսակցությունը գլխավորելու «պատվի եւ ուրախության» համար։
«18 տարվա ընթացքում ես արժանացել եմ այս մեծ, հոյակապ, հպարտ, Գերմանիայում կենտրոնի միակ կուսակցության՝ Քրիստոնեադեմոկրատական միության նախագահը լինելու պատվին: Այդ խնդիրը ես ջանացել եմ կատարել ամենայն նվիրումով ու անձնուրացությամբ: Ես ոչ կանցլեր եմ ծնվել, ոչ էլ կուսակցության նախագահ… Ես միշտ ցանկացել եմ արժանապատվորեն կատարել իմ պարտականությունները պետական ու կուսակցական քաղաքական պաշտոններում եւ երբեւիցե արժանապատվորեն թողնել դրանք: Եվ այժմ եկել Է նոր գլուխ բացելու ժամանակը»,- ասել է Մերկելը:
Այս խոսքերից հետո համագումարի պատվիրակները գրեթե 20-րոպեանոց օվացիա են սարքել Մերկելի պատվին, ոմանք արատասվում էին, շատերն իրենց ձեռքներին պլակատներ Էին պահում «Շնորհակալություն, շեֆ, ՔԴՄ-ի 18-ամյա նախագահության համար» մակագրությամբ: ՔԴՄ-ի համագումարում դեկտեմբերի 7-ին անցկացվելու են կուսակցության նոր նախագահի, նախագահության եւ վարչության ընտրություններ:
Համագումարին մասնակցում է 1001 պատվիրակ: Ավելի վաղ Մերկելը, որը Գերմանիայի կառավարությունը գլխավորում է 2005 թվականից, հայտնել է, որ 2021 թվականին չի հավակնելու կանցլերի պաշտոնին: Նաեւ Քրիստոնեադեմոկրատական միության ղեկավարը մտադիր չԷ պայքարել Բունդեսթագում տեղ գրավելու համար, իսկ Համբուրգի կուսակցական համագումարում չի առաջադրելու իր թեկնածությունը ՔԴՄ-ի նախագահի պաշտոնի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: