Մանե Թանդիլյանը վստահ է «Լուսավոր Հայաստան»-ի ծանրակշիռ քաղաքական ուժ լինելու հարցում
«Լուսավոր Հայաստան կուսակցությունից պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը հնարավորություն չունի խորհրդարան չանցնելու մասին մտածելու, քանի որ, նրա կարծիքով, իրենք անպայման կլինեն ծանրակշիռ քաղաքական ուժ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն հարցին, որ հրաժարական է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից և խորհրդարանում չհայտնվելու դեպքում ինչ գործունեություն է պատրաստվում ծավալել, Թանդիլյանն ասաց, որ իր մասնագիտությամբ նա մեծ հաջողությունների է հասել, բայց, ցավոք, չի վերադառնա իր նախկին գործունեությանը:
«Ես քաղաքականություն եկել եմ մասնավոր հատվածից և իմ մասնագիտությամբ բավականին հաջողությունների եմ հասել: Բայց ես հնարավորություն չունեմ այդ մասին մտածելու, որովհետև ես համոզված եմ, որ «Լուսավոր»-ը լինելու է ծանրակշիռ քաղաքական ուժ, այնպես որ, ցավոք սրտի, չեմ վերադառնա իմ նախկին գործունեությանը (նախկինում նա եղել է հաշվապահ, ֆինանսական վերլուծաբան – հեղ.)»,- նշեց Թանդիլյանը:
Մանե Թանդիլյանը 2018 թվականի նոյեմբերի 14-ին վայր է դրել նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով: