
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները ձեռք են բերել 2019թ. սկզբին հանդիպելու պայմանավորվածություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին ասված է Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով կողմերի համատեղ հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և զոհերի մասին լուրերի զգալի նվազումը Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցից հետո: Համանախագահները դիմել են կողմերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու և երկու երկրների ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոնկրետ քայլեր ձեռնարկելու խնդրանքով: Համանախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կարող է վերսկսվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կոնկրետ արդյունքների միտված ինտենսիվ երկխոսությունը՝ հակամարտության արդարացի և կայուն կարգավորմանը հասնելու համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը վերահաստատել են հետագա լարվածությունը թուլացնելու և հակամարտության կարգավորմանը հասնելու ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ևս մեկ անգամ հանդիպել 2019թ. սկզբին: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը: