
Ռադան հավանություն տվեց Ռուսաստանի հետ Բարեկամության պայմանագրի խզմանը

Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինայի եւ Ռուսատանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի գործողության դադարեցմանը։
Ինչպես հայտնել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալության թղթակիցը, համապատասխան նախագահական օրինագծի օգտին 277 ժողովրդական պատգամավոր է քվեարկել խորհրդարանի դեկտեմբերի 6-ի լիագումար նիստում: Օրենքի նախագծի համաձայն՝ Բարեկամության պայմանագրի գործողությունը դադարեցվում է 2019 թվականի ապրիլի 1-ից:
Ուկրաինայի եւ ՌԴ-ի միջեւ Բարեկամության մասին պայմանագիրն ստորագրվել էր 1997 թվականի մայիսին, Գերագույն ռադան այն վավերացրել էր 1998 թվականի հունվարին:
2018 թվականի դեկտեմբերի 3-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խորհրդարան օրինագիծ էր մտցրել այդ պայմանագրի գործողության դադարեցման վերաբերյալ: