«Ոնց կարա մարդը 20 տարի պայքարի ու գոռա, որ հանցագործ իշխանություն են, մեկ էլ տենաս, որ ուղղակի զրահաշապիկով, կասկով պաշտպանում ա անցած իշխանությունների հանցագործությունները»
«Մարդու անցած քաղաքական հետագիծը երաշխիքն է, թե նա ինչպես է իրեն դրսևորելու նոր պառլամենտում»,- այսօր Մասիսում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը՝ նշելով, որ կան քաղաքական ուժեր, որոնք նախկին իշխանության մոտ «ընդդիմություն էին աշխատում», ինչը երևում է նրանց քվեարկություններից, օրինակ՝ բյուջեի, սահմանադրական փոփոխությունների, կուտակային կենսաթոշակային համակարգի օրենքների ընդունման ժամանակ։
Ըստ նրա՝ ՄԵՆՔ-ը մերժել և մերժում է ՀՀԿ-ին ու միակ ընդդիմությունն ու ընդդիմախոսն է այսօրվա իշխանություններին. «Որքան որոշ մարդիկ փորձեն սա չլսելու տալ կամ փորձեն լղոզել, չի ստացվի»։
«Ավելի վտանգավոր են իշխանությունների մոտ ընդդիմություն աշխատողները, քան ուղիղ իշխանության մեջ երբեմն թերացողները։ Մեր տունը քանդողները էդ «վայ» ընդդիմադիրներն են եղել։ Մեզ էս վիճակին հասցնողները, ես չեմ ուզենա, մարդ կա, նրա անուն-ազգանունը տամ, որովհետև նախկինում ինձ ընկեր էլ ա եղել, բայց ես չեմ կարող պատկերացնել՝ ոնց կարա մարդը 20 տարի պայքարի ու գոռա, որ հանցագործ իշխանություն են, մեկ էլ տենաս, որ ուղղակի զրահաշապիկով, կասկով պաշտպանում ա անցած իշխանությունների հանցագործությունները։ Դա խարան է, որ մարդու համար այլևս չի ջնջվում, դա վիճակ է, որի պատճառով մենք այս վիճակում ենք»,- ասաց Խ.Քոքոբելյանը։