«Կնոջ տուն բերած փողը լրիվ ուրիշ փող է». Արամ Սարգսյան

ՄԵՆՔ դաշինքն այսօր քարոզարշավ է իրականացրել Մասիս քաղաքում։ Դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանը հիշեցրեց, որ ժամանակին Մասիսը հայտնի էր իր բազում աշխատատեղերով, թեթև արդյունաբերության, ժանյակագործության ոլորտում, մասնավորապես՝ Այնթապի ժանյակի գործարանում, բազմաթիվ կանայք էին աշխատում։

«Կնոջ տուն բերած փողը լրիվ ուրիշ փող է»,- նկատեց նա։

Ա.Սարգսյանը հիշատակեց նաև քաղաքում, դրա շրջակայքում այլ գործարաններ ևս ու նշեց, որ դրանք ո՛չ նախորդ, ո՛չ ներկայիս իշխանությունները չեն աշխատացրել ու չեն կարողանալու աշխատացնել մի պարզ պատճառով, որովհետև ներդրումների մասով իրենց հույսը հիմնականում ԵԱՏՄ-ի հետ է կապված, բայց միության անդամ երկրները նոր գործարանի համար այստեղ փող չեն ներդնի։ Ըստ նրա՝ փողը Եվրոպայում ու ԱՄՆ-ում է, դրա համար ՀՀ-ի զարգացման ուղին եվրոպական մոդելի պետություն դառնալն է։

«Մենք առաջարկում ենք ՀՀ-ի տնտեսության դիվերսիֆիկացում»,- ասաց Ա.Սարգսյանը՝ հավելելով, որ գործազրկության լուծման միակ տարբերակը տնտեսության ազատականացումն է։

Նրա խոսքով՝ միայն տուրիզմով, գյուղատնտեսությամբ ու ՏՏ-ով հնարավոր չի անհրաժեշտ քանակի աշխատատեղեր ապահովել, դա հնարավոր է ծանր ու թեթև արդյունաբերության միջոցով իրականացնել. «Մենք հստակ տնտեսական ծրագիր ենք առաջարկում՝ Հայաստանի հանքարդյունաբերությունը վերածել մետալուրգիայի, ստեղծել գործարաններ, որոնք կդառնան էն լոկոմոտիվը, որի հիման վրա կարտադրվի կաբել ու ռադիոտեխնիկական ապրանք»։

Ա.Սարգսյանն անդրադարձավ երեկ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի հեռուստաբանավեճին ու նշեց, որ այնտեղ խոսվել է, թե բանկերը թալանչի են, և այլն, բայց դա պոպուլիզմ է, որովհետև իրականում, եթե այդ մարդիկ բանկ լինեին, նույն բանն էին անելու։ Ըստ նրա՝ բանկերը թանկ վարկեր են տալիս գյուղացուն, որովհետև տեսնում են, որ նրանք վճարունակ չեն, և պետությունը պետք է գյուղացու ունեցվածքն այնպես ապահովագրի, որ բանկերն իրենք շահագրգռված լինեն վարկ տալ։

Տեսանյութեր

Լրահոս