ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը խոսեցին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության որոշ դրույթներում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ:

«Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սահմանադրության որոշ դրույթներ, որոնք սահմանափակում են սփյուռքի կադրային ներուժը Հայաստանի կադրային համակարգում ներգրավելուն, պետք է փոփոխությունների ենթարկվեն: Կարևոր է նաև ստեղծել հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմ»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ այո, հայտարարել է, որ այս կառավարման համակարգը սուպերվարչապետական կառավարման համակարգ է, այն իշխանությունը, որը կենտրոնացած է վարչապետի ձեռքում, պետք է բալանսավորվի: «Բայց դա պետք է արվի այնպես, որ իշխանության բուրգը չկազմալուծվի»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջատարը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը նշեց. «Այն խոստումներն ու սկզբունքները, որոնց համար մենք փողոց դուրս եկանք, պետք է կատարվեն, և սահմանադրության նշանակալի կետեր պետք է փոփոխության ենթարկվեն: Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխվեն»:

«Սասնա ծռեր» կուսակցությունը ներկայացնող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություններ արվեն, այլ ընդունվի նոր սահմանադրություն: «Դա նաև Արցախի միացմամբ նոր հանրապետություն հիմնադրելու հայեցակարգից է բխում: Այդ նոր սահմանադրությունը պետք է լինի համաժողովրդական մասնակցությամբ»,- շեշտեց թեկնածուն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Էդմոն Մարուքյանը նկատեց, որ առանց սահմանադրությունը փոփոխության ենթարկելու, խորհրդարանը կարող է փոփոխության ենթարկել այն օրենքները, որով վարչապետի լիազորությունները դարձել են սուպերվարչապետական: «Կառավարության կառուցվածքի մասին օրենքը պետք է փոփոխության ենթարկվի, բոլոր մարմինները, որոնք դուրս են խորհրդարանի վերահսկողությունից պետք է վերադարձվեն խորհրդարանական վերահսկողություն: Մենք կարող ենք հունվարից սկսած շատ արագ համակարգը վերափոխել»,- ասաց Մարուքյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի գնահատականով՝ կարևորագույն ձեռքբերումներից է Հայաստանում անցումը խորհրդարանական կառավարման համակարգի: «Եթե որևէ մեկի մտքով անցնի խորհրդարանական համակարգը տանել դեպի սուպերնախագահական համակարգի, մենք այդտեղ դեմ ենք լինելու մինչև վերջ: Այո, սահմանադրությունը պետք է փոխել այնպես, որ վարչապետի լիազորությունները պակասեն՝ այնպես, որ մարդկանց մոտ տպավորություն չառաջանա, որ վարչապետը փոխարինում է կառավարությանը, ամեն նախարար ունենա հստակ լիազորություններն ու պատասխանատվությունը»:

Տեսանյութեր

Լրահոս