Հանրապետական կուսակցությունն առաջնային է համարում Հայաստանում խոսքի ազատության առկայությունը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երկրի առողջացման և զարգացման գործում շատ է կարևորում խոսքի ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը: Այս մասին դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Վահան Բաբայանը:

«Հաճախ տարբեր քաղաքական ուժեր համացանցում, քննադատությունից բացի, նաև սպառնալիքներ են տեսնում: Կարծում եմ, որ դա շատ վատ նախադեպ է ստեղծում մեր երկրի համար: Եթե այսօր մի կուսակցության դեմ է նման բան արվում, վաղը մեկ այլ կուսակցության դեմ կարվի»,- շեշտեց նա:

Բաբայանի խոսքով` իրենք պայքարելու են այդ երևույթի դեմ: «Կոչ եմ անում բոլոր թեկնածուներին այս հարցի շուրջ ուշադիր լինել: Անկախ նրանից, կիսում եք մեր քաղաքական տեսակետները, անկախ նրանից, թե ինչ գնահատականներ եք տալիս սխալներին, դա ճիշտ չէ»,- նշեց պատգամավորի թեկնածուն:

Բաբայանն ասաց, որ ինքը ռեյտինգային թեկնածու է, և երբ իր համակիրների հետ շրջում է ընտրատարածքում, շփվում մարդկանց հետ, տեսնում է, որ մարդկանց շրջանում ատելության մթնոլորտ չկա: «Հայ ժողովուրդն ագրեսիվ չէ»,- ընդգծեց նա:

Նոյեմբերի 26-ին մեկնարկած պաշտոնական քարոզարշավը կտևի 12 օր և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրություններին մասնակցում են 9 կուսակցություն և երկու դաշինք: Դրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում», «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», «Օրինաց երկիր» կուսակցությունները:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին:

Տեսանյութեր

Լրահոս