Բաժիններ՝

ՕԵԿ-ն առաջարկում է երկու տարվա փոխարեն՝ մեկ տարվա զինծառայություն

«Մենք առաջարկում ենք Հայաստանի զարգացման հետաքրքիր ծրագիր: Այսօր մենք պայքարում ենք ավանդների վերադարձը շարունակելու համար: Բազմաթիվ մարդիկ սպասում են դրան: Առաջարկում ենք նաև, որ Հայաստանում ստեղծվի մայրական կապիտալի հիմնադրամ: Յուրաքանչյուր մայր պետությունից գումար ստանալով՝  պետք է կարողանա կերակրել, մեծացնել իր բալիկին, հոգալ նրա խնդիրները: Կարևորում ենք նաև սահմանամերձ տարածաշրջաններին ուշադրություն դարձնելը: ՕԵԿ-ն առաջարկում է հողի հարկից, գույքի հարկից  հարյուր տոկոսով ազատել  սահմանամերձ տարածաշրջաններում ապրող բնակիչներին, 25 միլիոն դրամ շրջանառություն  ունեցող բոլոր ձեռնարկություններին ազատել բոլոր տեսակի հարկերից: Առաջարկում ենք նաև հողագործությամբ զբաղվող մարդու համար աշխատանքային ստաժ սահմանել»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՕԵԿ նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ նախագահը խոսեց նաև սահմանների տեխնիկական վերազինման մասին: Նա նշեց, որ իրենք առաջարկում են երկու տարվա փոխարեն՝ մեկ տարվա զինծառայություն, ինչպես նաև առաջարկում են անցում կատարել վարձատրվող բանակի:

«Օրինակ, այս տարածաշրջանում մարդիկ խնդիր չպետք է ունենան: Կարող են գնալ բանակ,  դրա դիմաց աշխատավարձ ստանալ, ոչ թե 18 տարեկան երեխային սահման ուղարկենք: Կպահեն և՛ իրենց ընտանիքներին, և՛ հողն ու հայրենիքը»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ նախագահը հայտնեց նաև, որ իրենք դեմ են համայնքների խոշորացմանը:

«Անընդունելի է, մենք ո՛չ ենք ասում: Համայնքի խոշորացում հնարավոր է համայնքի բնակչի կողմ լինելու դեպքում»,- հավելեց Արթուր Բաղդասարյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս