ՄԱԿ-ի ԱԽ-ն Ֆրանսիայի և Բրիտանիայի պահանջով կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ փակ կոնսուլտացիաներ կանցկացնի Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսիս Մոջասկին: «Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ կոնսուլտացիաները կանցկացվեն վաղը առավոտյան փակ ձեւաչափով»,- ասել է նա: ԱԽ-ի առավոտյան նիստն սկսվում է ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին):
Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող է մի քան մարտագլխիկ կրել»:
Ի պատասխան Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում էԻրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: