Որոշ ուժեր շարունակում են արցախյան հարցի վերաբերյալ անհիմն մանիպուլյացիաներ անել. ադրբեջանագետը՝ թեմայի շուրջ քննարկումների մասին
Որոշ ուժեր շարունակում են արցախյան թեմայի վերաբերյալ անհիմն մանիպուլյացիաներ անել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ մեկնաբանելով ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում արցախյան թեմայի շուրջ ծավալվող քննարկումները:
-Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «ոմանք փորձում են հրահրել դավադիր պատերազմ», այսօր ևս Արարատի մարզում իր ելույթի ժամանակ անդրադարձավ այդ հարցին։ Կմանրամասնե՞ք՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ հայտարարությունը։
-Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման որևէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի ու Արցախի ժողովուրդների համար, ընդունելի չի լինի նաև ՀՀ կառավարության համար։ Ավելին, դա նշված է նաև «Իմ քայլը» նախընտրական ծրագրում։ Այդուհանդերձ, որոշ ուժեր շարունակում են թեմայի վերաբերյալ անհիմն մանիպուլյացիաները: Բանը հասավ նրան, որ սկսեցին շահարկվել նաև Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց հիման վրա այժմ ունենք համեմատական անդորր սահմանին: Եթե նայենք ՀՀԿ թևի ներկայացուցիչների և նրանց սատարող որոշ վերլուծական ուժերի հայտարարությունները, ապա կտեսնենք, որ նպատակային կերպով փորձում են «ապացուցել», որ Դուշանբեի պայմանավորվածությունները ստորադասում կամ չեղյալ են համարում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները մոնիթորինգային մեխանիզմների ներդրման մասին: Մինչդեռ, նման բան չկա, ընդհակառակը՝ դա կարող է հիմք դառնալ ավելի համալիր համաձայնություններ կյանքի կոչելու համար։ Օրինակ՝ Արփինե Հովհաննիսյանը վերջերս իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր՝«…սա՞ էր ավելի կարեւոր, թե՞ վերելակում ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածություն, որի արդյունքում ինչ-որ հրաշքի ուժով հանկարծ այդ օպերատիվ կապի պատճառով լարվածությունը թուլացել է: Ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, դուք իրականում կարծում եք, որ այստեղ մտահոգվելու, մտածելու առիթ չկա՞»։ Փաստացի, հասարակությանը փորձում են «մտահոգել» այն հանգամանքով, որ Ադրբեջանը չի օգտվում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից և դրա մեջ տեսնել խարդավանք Արցախի դեմ։ Սա ակնհայտ և շատ վտանգավոր մանիպուլյացիա է՝ ուղղված ոչ միայն Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության, այլ նաև երկու հայկական պետությունների սահմանների անվտանգության դեմ։ Մինչդեռ հիմնական պատճառները, թե ինչու է Ալիևը հարգում և պահում Դուշանբեի պայմանավորվածությունները, պետք է փնտրել Ադրբեջանում։
-Այդ դեպքում, ի՞նչ իրադրություն է Ադրբեջանում, որը հարկադրում է Ալիևին լինել զգուշավոր։
-Հայաստանյան հեղափոխության և դրան հաջորդող շրջանում Ադրբեջանում յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել, փաստացի, Ալիևը քաջ գիտակցում է, որ հեղափոխությունն ինքնին լուրջ մարտահրավեր է իր ավտորիտար վարչակարգի համար։ Օրինակ՝ այս տարի Մերկելի այցի նախօրեին Ադրբեջանում երկար բանտարկությունից հետո պայմանականորեն ազատ արձակվեց Ալիևի ամենակարկառուն ընդդիմադիրներից մեկը՝ «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը։ Ազատության մեջ նա անմիջապես հայտարարեց, որ շարունակելու է պայքարը Ալիևի վարչակարգի դեմ, ավելին, իր հարցազրույցներից մեկում շեշտեց, որ ցանկանում է Փաշինյանի օրինակով, նախ, հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոշակի մանդատներ ձեռք բերել Միլլի մեջլիսում, այնուհետև շարունակել պայքարը գործող վարչակարգի դեմ։ Դրան ի հակադրություն՝ մեկ այլ ընդդիմադիր գործիչ Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարեց, որ քանի Ալիևն իշխանության է, Ադրբեջանում ոչ մի արդար ընտրություն չի կարող լինել, ուստի, անիմաստ է շարժվել Մամեդովի նախանշած ուղով։ Այս ամենի հետ մեկտեղ արդեն որերորդ շաբաթն է Բաքվում շարունակվում եմ ցույցեր սոցիալական հենքի վրա։ Ընդ որում, ցուցարարները գերազանցապես կանայք են, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ղարաբաղյան պատերազմի ժամանակ և այժմ պահանջում են վճարել խոստացված միանվագ նպաստը։ Ուշագրավն այն է, որ թեև Ալիևը դեռ չի հանդիպել ցուցարարների հետ, բայց նրանց հետ հանդիպել և խոսել են Միլլի մեջլիսի պատգամավորներ՝ հորդորելով համբերել։ Վերջիններս շարունակում են պահանջել հանդիպում Ալիևի հետ։ Այդքանին զուգահեռ շարունակվում են ներկլանային առճակատումները նախիջևանցիների և փաշաևների միջև։ Ցանկանում եմ ընդգծել նաև, որ ադրբեջանական իշխանական մամուլը շարունակում է ակտիվորեն ստորադասել հայկական հեղափոխության և հեղափոխության առաջնորդ Փաշինյանի դերը, քանի որ ադրբեջանցիների կողմից ապրիլ-մայիս ամիսներին սոցցանցերում ծավալվող քննարկումների ժամանակ հաճախ կարելի էր հանդիպել «հայերին միշտ էլ հաջողվում է միավորվել», «նրանք մշտապես ունեցել են բարդ պահերին միավորվելու մշակույթ», «նրանք գիտեն, թե ինչպես ժողովուրդ լինել, ուստի, միշտ հաղթում են», «Մեր մեջ Փաշինյաններ չկան» և նմանատիպ այլ ձևակերպումներ: Այդ համատեքստում հիշում են նաև սեփական ընդդիմության «ծախված» և «գրանտակեր լինելը»: Ուստի, ամեն հնարավոր ձևով Ալիևը աշխատում է կոտրել այդ ընկալումները ադրբեջանական հասարակության ներսում՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է իր իշխանության համար։ Ուղղակի արձանագրենք, որ եթե իրար կողքի դնենք հեղափոխությունից հետո Ադրբեջանում ընթացող ներքաղաքական զարգացումների տարբեր դրվագներ, կտեսնենք, որ այստեղ ակնհայտորեն սկսվել է գործընթացների փնտրտուք թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր և թե՛ հասարակական շերտերի շրջանում, թե ինչ ուղով պետք է շարժվել, եթե Ալիևի դեմ դժգոհություններն ուժեղանան։ Նման իրավիճակում Բաքվի վարչակարգը քաջ գիտակցում է, որ սահմանին արկածախնդրության գնալը կարող է թանկ հետևանքներ ունենալ՝ հատկապես հաշվի առնելով, որ այսօր հայկական հասարակությունը միասնական է և համախմբված՝ Փաշինյանի ղեկավարության ներքո։ Ինչպես վերջերս «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում նշել էր լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, «մեր իշխանությունները ինքնասպանության գնացող իշխանություններ չեն։ Նրանք շատ լավ գիտեն, որ ռազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում ինքնասպանություն է…»։ Սա է այն, ինչ պետք է հասկանալ Ադրբեջանի ներքին դաշտից և խուսափել սահմանային անդորրի առթիվ «մտահոգվելու» մանիպուլյատիվ կոչերից, անգամ նախընտրական պայքարի շրջանակներում։