ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգվում է. Վլադիմիր Պուտինն է զանգել

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Մասիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ հեռախոսազրույցում առաջարկել է՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգեն, քանի որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կոնսենսուս չկա, և նիստը կհրավիրվի այն ժամանակ, երբ աշխատանքային կարգով խնդիրը կլուծվի։

Ամեն դեպքում, ինչպես Ն.Փաշինյանը նշեց, ինքը դեկտեմբերի 6-ին մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, քանի որ այնտեղ կայանալու է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը։

«Քարոզչական այդ մի օրը բաց կթողնեմ, բայց հույս ունեմ՝ Հայաստանի քաղաքացիները դրան ներողամիտ կվերաբերվեն, մանավանդ, որ մենք վաղն ամփոփում ենք մարզերով մեր այցելությունները և ևս մի օր քարոզչություն կիրականացնենք Երևան մայրաքաղաքում։ Դեկտեմբերի 7-ին, գիտեք, որ երկրաշարժի 30-րդ տարելիցն է, և մենք այդ օրը քարոզչություն չենք իրականացնի, կլինենք աղետի գոտում, և նաև կառավարության արտագնա նիստ տեղի կունենա Գյումրիում, և ես կայցելեմ նաև Սպիտակ և Վանաձոր, բայց այդ օրը քարոզչություն նույնպես չենք իրականացնի։ Հետևաբար՝ կարող ենք ասել, որ քարոզարշավը մոտենում է իր եզրագծին»,- ասաց Ն.Փաշինյանը։

Ըստ նրա՝ քարոզարշավի արդյունքներով կարելի է հստակ արձանագրել, որ ՀՀ քաղաքացին այսօր ավելի վճռական է տրամադրված, քան ապրիլ-մայիսին, ավելի դուխով, վճռական ու լավատես է.

«Որևէ կասկած չկա, որ դեկտեմբերի 9-ին արձանագրվելու է ՀՀ հպարտ քաղաքացու ջախջախիչ հաղթանակը կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինության և անցյալի նկատմամբ»։

Տեսանյութեր

Լրահոս