Ռուսաստանը ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի թվով առաջին տեղում է Եվրոպայի երկրների շարքում
Ռուսաստանը մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակման նոր դեպքերի թվով 2017 թվականի արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել Եվրոպայի երկրների շարքում: Այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցի տվյալները, որը հրապարակվել է նոյեմբերի 28-ին։
Զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Եվրոպայի տարածաշրջանում արձանագրվել է վիրուսով վարակման 160 հազար նոր դեպք, որից 130 հազար դեպքերը բաժին են ընկնում Արեւելյան Եվրոպային: Ռուսաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-ով հիվանդանալու 104 հազար դեպք, 53 տոկոս կազմող դեպքերում հիվանդությունը հայտնաբերվել է վերջին փուլում:
ՄԻԱՎ-ով հիվանդանալու դեպքերի թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Ուկրաինան (37 դեպք 100 հազար բնակչի հաշվով), երրորդը՝ Բելառուսը (26,1), դրանց հետեւում է Մոլդովան (20,6 դեպք): Ամենացածր ցուցանիշները նշվում են Բոսնիայում եւ Հերցեգովինայում, Սլովակիայում եւ Սլովենիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: