Ինչ է սպասվում Հայաստանին Աստանայում նոյեմբերի 8-ին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը կուլիսներում կարծես արդեն իսկ որոշված է: Թեև կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետի ավարտը 2020 թվականի հունվարն է, ՀԱՊԿ գլխավոր պաշտոնը ՀՀ ներկայացուցիչ չի ստանձնի:
Ռուսական հեղինակավոր «Կոմերսանտը» «ՀԱՊԿ-ի համար նոր գլխավոր քարտուղար են գտել» վերտառությամբ հոդված է հրապարակել՝ տեղեկացնելով, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասը։
54-ամյա գեներալ-մայոր Զասը 2015 թվականի նոյեմբերի 4-ից նշանակվել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Ռուսական թերթը գրում է, թե ավելի վաղ քննարկվում էր Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովի թեկնածությունը. նա պետք է ղեկավարեր կազմակերպությունն առաջիկա մեկուկես տարում։ Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների (Հայաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան) ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին՝ Աստանայում, որտեղ կմասնակցեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Սակայն, ըստ ռուսական թերթի, այս նշանակման շուրջ ինտրիգն այն է, որ այս պաշտոնին հավակնում է Հայաստանը, որի շնորհիվ էլ պաշտոնը թափուր է մնացել։
Ըստ հայաստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների, ՀՀ-ն այդ պաշտոնում առաջադրելու է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը` հույս ունենալով, որ այս թեկնածությունը կշտկի հայ-ռուսական հարաբերություններում Խաչատուրովի և ՀԱՊԿ-ի շուրջ իրենց թույլ տված կոպիտ «սայթաքումները», և Հայաստանը կշարունակի նախագահել այդ կազմակերպությունում:
Հիշեցնենք, որ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ից՝ երեք տարի ժամկետով։ ՀԱՊԿ կանոնների համաձայն՝ Խաչատուրովից հետո այդ պաշտոնը պետք է անցներ Բելառուսի թեկնածուին։ Անցած շաբաթ կազմակերպությունը տեղեկություն տարածեց այն մասին, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Ավելի վաղ՝ 2008-ին, Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները: Սակայն ՀՀ իշխանությունները սկսել էին Խաչատուրովին ետ կանչելու գործընթացը:
Բայց կազմակերպության կանոնակարգում հստակ նշված չէ, թե հետ կանչելու դեպքում պաշտոնը պահպանելու է նախագահող երկի՞րը, թե՞ այն անցնելու է ռոտացիոն կարգով նախատեսվող հաջորդ երկրի ներկայացուցչին:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչն այդ պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը:
Ըստ նրա՝ նորություն չի ասի, եթե նշի, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը լուրջ մտահոգություններ առաջացրեց Մոսկվայում և ՀԱՊԿ անդամ երկրների շրջանում, քանի որ առանց նախնական պատրաստությունների՝ սկսվեց հետապնդում այս տարածաշրջանում անվտանգություն ապահովող կառույցի առաջին դեմքի նկատմամբ: «Թվում է՝ ավելորդ է հիշեցնել, քանի որ այդ մասին խոսել ենք, բայց այդ պաշտոնում ՀՀ թեկնածուի նշանակման հարցը երկար ժամանակ տարաձայնությունների առարկա էր ՀԱՊԿ անդամ երկրների միջև, տարբեր թեկնածուներ էին առաջադրվել Հայաստանի կողմից, և մեծ խոչընդոտներ հաղթահարելուց հետո հնարավոր եղավ այդ պաշտոնում հաստատել վերջինիս թեկնածությունը, քանի որ Ադրբեջանը խոչընդոտում էր իր գործընկեր երկրների միջոցով այդ պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակմանը՝ կարծելով, որ այդ պաշտոնը կօգտագործվի ԼՂ հակամարտության հարցում՝ որպես հավելյալ լծակների միջոց, և այլն:
Բայց Մոսկվայի ջանքերով հնարավոր եղավ լուծել այս հարցը, որն արդեն լուրջ դժգոհություններ էր առաջացնում հայ հասարակության շրջանում: Սակայն այսքան դժվարություններով ստացված պաշտոնի շուրջ տեղի ունեցան խիստ անցանկալի զարգացումներ, որոնք նաև Մոսկվայի սրտով չեն, քանի որ այդ ամենն անակնկալ էր նաև Մոսկվայի համար, ինչն էլ հանգեցրեց հարաբերություններում վստահության շեշտակի անկման, և կկայացվի որոշում՝ փոխանցել այդ պաշտոնը հաջորդ նախագահությանը՝ կանխատեսելով, որ կրկին լուրջ և էլ ավելի լուրջ խոչընդոտներ են լինելու ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի շուրջ:
Կրկին պետք է նշեմ, որ նման կարևոր որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի առնելով, առաջին հերթին, տվյալ կազմակերպության կանոնադրությունը, հեղինակությունը և հարգելով գործընկեր երկրներին, միևնույն ժամանակ հաշվի առնելով այն բարդ տարածաշրջանը, հարևանությունը, որում հայտնվել է Հայաստանը, և՝ որքան կարևոր է Հայաստանի համար ՀԱՊԿ անդամակցությունը հայ-ռուսական ռազմատեխնիկական կայուն համագործակցության շնորհիվ: Բայց ՀՀ իշխանությունների այդ որոշումը հարված էր ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական հարաբերություններին, և առիթ հակառակորդներին՝ առաջ մղելու համար սեփական ծրագրերը»,- նման տեսակետ հայտնեց Պավել Ֆելգենգաուերը: Ըստ նրա՝ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների ֆոնին որոշ ուժերի կողմից հնչում են կոշտ հակառուսական հայտարարություններ:
«Այդ ամենը չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որը ՀՀ անվտանգության երաշխավորն է, սպառազինության մատակարարը: Բայց ներկայումս ՌԴ-ում հանգիստ հետևում են առաջիկա զարգացումներին և նրան, թե ինչպիսի խորհրդարան կձևավորվի, ինչպիսի ուժեր կհայտնվեն խորհրդարանում, առաջիկայում ինչ արտաքին քաղաքականություն կիրականացնեն ՀՀ իշխանությունները: Ի վերջո, այս համագործակցությունը նման ծավալով առաջին հերթին հարկավոր է Հայաստանի Հանրապետությանը, թեև Հարավային Կովկասում ՌԴ-ն ունի հստակ քաղաքական գիծ, հետևաբար՝ ուշադիր հետևում է այն զարգացումներին, որոնք հնարավոր են: Կարծում եմ` Մոսկվան պատրաստ է ցանկացած սցենարի՝ հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, իրավիճակը լիովին կանխատեսելի չէ, բայց տագնապ ևս չկա, քանի որ Հայաստանի համար կան անվտանգային իրողություններ, սպառնալիքներ, իսկ այս տարածաշրջանը ՆԱՏՕ-ին չի հետաքրքրում»,- ասաց Ֆելգենգաուերը:
Իսկ քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ պարզից էլ պարզ է, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջերս, ՀԱՊԿ-ում ՀՀ թեկնածուի նշանակումն այդքան էլ հասկանալի չի լինի: Բայց, ըստ նրա, ռուսական «Կոմերսանտի» հրապարակումն անհիմն չի կարող լինել: Սկակովի համոզմամբ՝ ամենայն հավանականությամբ, կա նման ներքին որոշում:
«Թող պաշտոնն անցնի հաջորդ նախագահությանը, և հասկանալի պետք է լինի, որ դա լուրջ պաշտոն է, որոշումներ կարող են կայացվել այլ ընթացակարգերով, որքան էլ որ դրանք ներքին խնդիրներ են, և գործընկերները հասկանում են, որ ներքին հարցեր են: Կարծում եմ` առաջիկա օրերին Աստանայում կայանալիք նիստին ՀՀ ներկայացուցիչ չի վերանշանակվի»,- նշեց Ալեքսանդր Սկակովը:
Նրա որակմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն իրենց ամենալավ փուլում չեն: Սակայն, ինչպես Ֆելգենգաուերը, այնպես էլ՝ Սկակովը, կարծում են, որ հարաբերությունների այն ծավալը, որն առկա է հայ-ռուսական բևեռում, անհրաժեշտ է առաջին հերթին Հայաստանին, որը շրջապատված է Թուրքիայով և Ադրբեջանով:
«Ուստի ներկայիս ՌԴ դիրքորոշումը տրամաբանական է, Մոսկվային պետք է կայուն Հայաստան, իշխանություններից գոհ բնակչություն: Մոսկվան փորձում է աշխատել ՀՀ իշխանությունների հետ, որքանով դա հաջողվում է, որոշ ոլորտներում հաջողվում է, որոշներում՝ ոչ, բայց կան հույսեր, որ ավելի լավ է լինելու ներքաղաքական այս փոփոխությունների փուլից հետո: Մոսկվան փորձում է հասկանալ, թե ինչ են ցանկանում նոր իշխանությունները, հետևում է զարգացումներին»,- ասաց Սկակովը: