«Ինձ անհանգստացնում է այն ակտիվ տարածաշրջանային դիվանագիտությունը, որ շարունակում է վարել Ադրբեջանը». Արմեն Աշոտյան

«Ադրբեջան-Իրան-Թուրքիա ԱԳ նախարարների հանդիպման ձևաչափն ավանդական է։ Այդ հանդիպումից մեկ-երկու օր առաջ էլ տեղի է ունեցել Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան արտգործնախարարների մակարդակով հանդիպում։ Այսինքն՝ ասել, որ ոչինչ չի փոխվել, նույնքան հանցավոր կլիներ, որքան ասել, որ ամեն ինչ կործանվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Իրան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների հանդիպմանն ու դրա արդյունքում ստորագրված հռչակագրին։

Հռչակագրում անդրադարձ է կատարվել Արցախի հակամարտությանը։ Ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»: Հատուկ ընդգծվել է արցախյան հակամարտության՝ տվյալ սկզբունքների հիման վրա կարգավորման կարևորությունը:

Աշոտյանը նշեց, որ լինելով ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներից մեկը, չի ուզում ամեն հարցով քննադատություն և անհանգստություն հայտնել՝ շահարկելով այս կամ այն խնդիրները։

«Հետևաբար, շատ անհանգստանալու, նոր բան տեսնելու ցանկություն չունեմ, բայց անհանգստացնում է ուրիշ երևույթ՝ այն ակտիվ տարածաշրջանային դիվանագիտությունը, որ շարունակում է վարել Ադրբեջանը՝ փորձելով սեղմել Հայաստանի շուրջ տարածաշրջանային դիվանագիտական օղակը, ստեղծել տարածաշրջանում Հայաստանի մեկուսացման պատրանք։ Այստեղ շատ կարևոր է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները կարողանան իրանական ուղղության վրա երկկողմ  հարաբերություններով չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական գործողությունները։ Ակնհայտ է, որ Իրանն  ինքն ունի տարածքային ամբողջականության ներքին սպառնալիքներ, սա պետք է հաշվի առնել, այսինքն՝ նույն Իրանի համար տարածքային ամբողջականությունն իր ներքին կարևոր մարտահրավերներից մեկն է, գիտեք, որ գոյություն ունի ադրբեջանական մեծ համայնք, և չեմ բացառում, որ իրանական կողմը տարածքային ամբողջականության ձևակերպումներին համաձայնում է՝ հենց իր ներքին խնդիրներից ելնելով»,- ընդգծեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ավելի հետևողական և նախաձեռնող քաղաքականություն վարել վրացական և իրանական ուղղություններով։ «Հուսամ՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի նախագահի հետ Նյու Յորքում ոչ այնքան ամերիկացիներին ինադու հանդիպում կազմակերպելու ցանկություն էր, որ հենց Թրամփը մերժեց, դրա փոխարեն՝ Իրանի նախագահի հետ կազմակերպվեց հանդիպում։ Հուսով եմ՝ նույն հանդիպման ժամանակ մեր իշխանությունները կարողացել են և կկարողանան ներկայացնել մեր մոտեցումները, շահերը և ստանալ բարեկամական Իրանի աջակցությունն այդ մակարդակով։ Հայաստանի համար շատ կարևոր է՝ չկորցնել զգոնությունը»,- եզրափակեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս