Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկիի հետ։
Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Մասիս Մայիլյանն ընդգծել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը, որը ժամանակին ապացուցել է իր արդյունավետությունը։ ԱԳՆ ղեկավարի գնահատմամբ՝ Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին կարևոր է նաև տարածաշրջանային խաղաղության պահպանման համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը նշել է, որ կարգավորման գործընթացում Արցախի կարգավիճակը՝ որպես հակամարտության կողմ, լեգիտիմ է և անվիճելի, ինչն ամրագրված է ԵԱՀԽ/ԵԱՀԿ փաստաթղթերով, ինչպես նաև հրադադարի հաստատման և դրա ամրապնդման հետ կապված համաձայնագրերով։
Արտգործնախարարը նաև համանախագահների ուշադրությունն է հրավիրել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների իրագործման հետ կապված իրավիճակի վրա՝ նշելով, որ հակամարտության չկարգավորված լինելը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի քաղաքացիների կողմից իրենց անքակտելի իրավունքների, այդ թվում՝ զարգացման, անվտանգ ու արժանապատիվ կյանքի իրավունքների իրացման գործում։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի առաջմղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման շուրջ։ Այս համատեքստում Մասիս Մայիլյանը նշել է, որ ժամանակն է վերանայել բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումներ՝ համոզմունք հայտնելով, որ կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ու նրա ժողովրդի անվտանգությունը։