Լենա Նազարյանն ափսոսում է, որ քաղաքական խորհրդարան ունենալու ուղղությամբ իշխանությունների ջանքերն անտեսվեցին
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը համոզմամբ` ոչ մի տրամաբանություն չկա այն մեղադրանքում, որ կառավարող ուժի համար ձեռնտու էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունման տապալումը: «Ո՞րն է կառավարող ուժի համար տարածքային ցուցակներ պահելու շահը: Որպեսզի՞ շահագրգռենք մարզերում ու վարչական շրջաններում հեղինակություն ունեցող թեկնածուներին` մեր ցուցակներում ընդգրկվելու համար: Բայց դրա համար հատուկ ջանքի կարիք չկա էլ մեր դեպքում. Երևանի ավագանու ցուցակ կազմելու համար մոտ 500 անձի հայտ ենք դիտարկել: Մինչդեռ մեկ ընտրական ցուցակով ընտրությունների մասնակցելը միշտ ավելի կանխատեսելի ու պակաս ռիսկային է քաղաքական թիմ ձևավորելու առումով, ու սա շա՛տ ավելի նախընտրելի տարբերակ է բոլոր նրանց համար, ովքեր ոչ թե ընտրվելու խնդիր ունեն, այլ` ԱԺ-ում քաղաքական և աշխատող թիմ ունենալու նպատակ ունեն»,- նշել է Լենա Նազարյանը` «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ:
Նրա խոսքով` իրենք ունեն այդ նպատակը և անգամ գործող օրենսգիրքն իրենց չի խանգարի, որ հասնեն այդ նպատակին, թեև ավելի դժվար կլինի:
«Ափսոսում եմ, որ մարդիկ, ովքեր շատ լավ են պատկերացնում այս տարբերությունը, անտեսեցին մեր ջանքերը քաղաքական խորհրդարան ունենալու ուղղությամբ և չմատնանշեցին իրական խոչընդոտողներին»,- նշել է խմբակցության ղեկավարը: