«Անվտանգության մարմինները պետք է այսօրվանից աշխատանք տանեն այդ ուղղությամբ». Հովիկ Աղազարյան

«Երեկ բոլորս ականատես եղանք, որ հաշվարկներ են արվել ՀՀԿ-ի ու, հավանաբար, ՀՅԴ-ի կողմից։ Ուղղակի անհասկանալի է մնում այն իրողությունը, որ ՀՅԴ-ի համար նախընտրելի էր փակ համամասնական ընտրակարգով մասնակցել ընտրություններին։ Դա ռեալ հնարավորություն էր ԱԺ անցնելու համար։ Թե ինչո՞ւ Դաշնակցությունն այսպիսի որոշում կայացրեց, անհասկանալի է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում ԸՕ-ի տապալմանը։

Պատգամավորի խոսքով՝ պետք է վերլուծել և հասկանալ՝ տեղի ունեցածն ում շահերն էր սպասարկում. «Ենթադրելի է, որ ՀՀԿ-ի, որովհետև երեկ քվեարկությանը չներկայացած, ՀՀԿ-ից կարծեցյալ դուրս եկածներից կարելի է հասկանալ, որ միայն ՀՅԴ-ում չէ թեզը, թե նախկին դաշնակցականներ չեն լինում, նախկին ՀՀԿ-ականներ ևս։ ՀՅԴ-ն աշխատելու է բոլոր հնարավոր տարբերակներով, ՀՀԿ-ն չի խորշելու նաև ֆինանսներ կիրառել։ Չի բացառվում, որ այս ընտրությանը նրանք լուրջ մոբիլիզացիա ձեռնարկեն, նրանք կարող են օգտվել առիթից, սակայն ԲՀԿ-ն և մյուս ուժերը կգտնեն հակաթույնը։ Պետք չէ թույլ տալ, որ ՀՀԿ-ն հույսեր փայփայի: ՀՀԿ-ն այլևս չպետք է լինի ԱԺ-ում, եթե նրանք շարունակելու են այս ոճով աշխատել»։

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի համար ՀՅԴ-ի վարքը մի փոքր անհասկանալի է։ Ըստ պատգամավորի՝ նոր օրենսգիրքը ՀՅԴ-ի համար խորհրդարանում հայտնվելու ավելի լայն հնարավորություններ էր ստեղծում։

«Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այդ կուսակցությունը կփորձի օգտագործել իր քրեաօլիգարխիկ համակարգի մնացուկները և նրանց շնորհիվ ռեյտինգային ընտրակարգով ձայներ հավաքել ու ԱԺ-ում ներկայություն ունենալ։ Նրանք նաև զուրկ չեն փողերից, իսկ շատ մեծ փողերի դեպքում նրանք տեսականորեն կարող են վիճակ փոխել։ Այդ պատճառով ԱԱԾ-ն պետք է հնարավորինն անի նմանատիպ օջախները հայտնաբերելու և հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Սա ազգային հավատարմության խնդիր է, հետևաբար՝  անվտանգության մարմիններն ինչ-ինչ միտումների դեմն առնելու համար պետք է այսօրվանից աշխատանքներ իրականացնեն»,- ասաց պատգամավոր՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ում նստում են իրենց սենյակներում և երազում, որ վերադառնալու են հին ժամանակները, երբ իրենք իշխանության էին։

 

Տեսանյութեր

Լրահոս