Բաժիններ՝

«Քրիսթալ Փելես» -«Արսենալ». ինչպե՞ս կավարտվի լոնդոնյան դերբին

«Արսենալը» շարունակում է հաղթել բոլոր մրցաշարերում: Հաջորդ մրցակիցը «Քրիսթալ Փելեսն» է: Կկարողանա՞ն «զինագործները» հաղթել նաև լոնդոնյան դերբիում:

«Քրիսթալ Փելես»

Տպավորություն է, որ «Քրիսթալ Փելեսը» հիմա լուրջ խնդիրներ ունի: Վերջին 4 տուրերում թիմը խփել է ընդամենը մեկ գնդակ և վաստակել է մեկ միավոր: «Քրիսթալ Փելեսը» ոչ ոքի է խաղացել «Նյուքասլի» հետ (0:0), պարտվել է «Բորնմութին» (1:2), «Վուլվերհեմփթոնին» (0:1) և «Էվերթոնին» (0:2):

Հիմա թիմը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղուսակում 15-րդն է: Վերջին եռյակից թիմին բաժանում է ընդամենը 2 միավոր:

Անարդյունավետ խաղից բացի մարդաշատ է նաև թիմի լազարեթը: Վնասվածքների պատճառով այս խաղին չեն մասնակցի Քրիստիան Բենտեկեն, Ջոել Ուորդը և Սքոթ Դաննը:

«Արսենալ»

Ի տարբերություն մրցակցի՝ «Արսենալը» հրաշալի շրջան է անցկացնում: 2007 թվականից առաջին անգամ թիմը կարողացել է հաղթել 11 խաղ անընդմեջ: Վերջերս Ունայի Էմերիի սաները հաղթել են «Քարդիֆին» (3:2), «Նյուքասլին» (2:1) և «Ֆուլհեմին» (5:1) Պրեմիեր լիգայում, ինչպես նաև «Ղարաբաղին» (3:0) և «Սպորտինգին» (1:0)՝ Եվրոպայի լիգայում:

Հիմա լոնդոնյան ակումբը 4-րդն է մրցաշարային աղյուսակում և առաջատարներին զիջում է ընդամենը երկու միավորով: «Արսենալից» շատ Պրեմիեր լիգայում միայն «Մանչեսթեր Սիթին» է գոլ խփել: Իսկ Օբամեյանգը նմանվում է ինքն իրեն Բունդեսլիգայում:

Լոնդոնյան ակումբում վնասվածք ունեցող ֆուտբոլիստները շատ չեն, բայց խնդիրն այն է, որ վնասվածք ունեցողների մեջ գերակշռում են պաշտպանները: Վերադարձել է Կարլ Ջենկինսոնը, սակայն դեռևս վնասվածքներ ունեն Լորան Կոսելնին, Սաեդ Կոլաշինացը, Կոստանտինոս Մավրոպանոսը և Նաչո Մոնրեալը:

Վիճակագրություն և անձնական հանդիպումներ

• «Քրիսթալ Փելեսը» չի հաղթում չորս խաղ անընդմեջ

• Սեփական հարկի տակ «Քրիսթալ Փելեսը» վերջին 4 խաղերում չի խփել ոչ մի գոլ

• Էմերիի սաները հյուրընկալվելիս հաղթել են վերջին 5 խաղերը

• «Քրիսթալ Փելեսին» «Արսենալը» հաղթել է վերջին 11 խաղերից 9-ում:

Ակնհայտ է, որ այս խաղում կա ընդգծված ֆավորիտ: Սակայն, սա Պրեմիեր լիգան է, և «Քրիսթալ Փելեսը» վերականգնվելու համար փորձելու է ամեն կերպ հաղթել առաջատարներից մեկին:

Հիշեցնենք, որ «Քրիսթալ Փելես»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր, Երևանի ժամանակով 17.30-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս