Բացառիկ հաջողված եմ համարում Հայաստանի այս տարվա առաջնությունը. Արթուր Գևորգյան
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը գոհ է երկրի առաջնության արդյունքներից:
«Մեծ հաշվով գոհ եմ Հայաստանի առաջնությունում գրանցված արդյունքներից: Այն մարզիկներն, ովքեր պիտի իրենց արդարացնեին, արեցին դա: Կային նաև նոր բռնցքամարտիկներ, նոր անուններ, որն ինձ ավելի է գոհացրեց: Երիտասարդները մեծ հեռանկարներ ունեն և ես կարծում եմ, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում փաստեց ֆեդերացիայի նախագահը:
Գևորգյանի խոսքով` երիտասարդ բռնցքամարտիկներն, ովքեր այս տարի առաջին անգամ են մասնակցում մեծերի առաջնությանը, արդեն լուրջ են տրամադրված: Սակայն կան քաշային կարգեր, որտեղ մարզիկերից ոմանք դեռևս ունակ չենք հավասարը հավասարի պայքար մղել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
«Բացառիկ հաջողված եմ համարում Հայաստանի այս տարվա առաջնությունը: Հետագայում էլ պետք է գնանք այս ճանապարհով և պարտադրենք, որ մինչև Հայաստանի առաջնությունը, ամեն մարզ ունենա իր առաջնությունը, որտեղից լավագույնները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը»,-ասաց Գևորգյանը:
Հայաստանի չեմպիոններ դարձան Նորիկ Սուքիասյանը (49 կգ), Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Գառիկ Պապիկյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Արտյոմ Գալստյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ): Այս առաջնությունից հետո ձևավորված հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում:
Վարվառա Հայրապետյան