«Այո՛, Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի կառավարմանը». Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն վստահ է, որ Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանի կառավարմանը։
«Այո՛, պետք է մասնակցի»,- 168.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք Սփյուռքը պե՞տք է մասնակցի Հայաստանի կառավարման համակարգին, հայտարարեց Վեհափառը։
Թե ի՞նչ ձևով պետք է մասնակցի, ըստ նրա, ձևը, եղանակը պետք է ճշտի ՀՀ իշխանությունը Հայաստանում։
Նա շեշտեց, որ Հայաստանի կառավարման կառույցներում Սփյուռքի մասնակցությունը կարևոր է, և վերջին 25 տարիներին դա որոշ չափով տեղի է ունենում՝ սփյուռքահայերն աշխատում են նախարարություններում։
Թե ի՞նչ կփոխի դա Հայաստանում, Կաթողիկոսը նշեց, որ հայերը մեկ ամբողջություն են՝ ցրված աշխարհի բոլոր կողմերում, և ներուժը, մարդկանց կարողությունները, այդ թվում՝ նյութական, ի սպաս դնել սփյուռքի վերակազմակերպմանն ու մյուս կողմից՝ Հայաստանին. «Եվ սա, ըստ իս, հրամայական և առաջնահերթ անհրաժեշտություն է»։
Հարցին՝ ի՞նչն է խանգարել մինչ օրս, որ սփյուռքը հայրենիքին մոտենա, Կաթողիկոսը պատասխանեց. «Հայաստանը, Արցախը և Սփյուռքը եռամիասնություն է, մեկ ազգի պատկանելության գիտակցությունը կարևոր է, և այդ մեկ ամբողջության շրջագծից ներս, և այդ մեկ ամբողջության գիտակցությամբ մենք պետք է գործենք և մտածենք, այլ խոսքով՝ համահայկական մտածողություն և գործելաոճ պետք է մենք կամաց-կամաց մշակենք և ամրապնդենք։ Բնականաբար՝ սփյուռքը սփյուռք է, Հայաստանը պետություն է, նույն բանը չեն կարող անել, նույն ռազմավարական ու մարտավարական մոտեցումները չեն կարող ունենալ և պետք չէ, որ ունենան։ Այս պատճառով ես հաճախ ընդգծում եմ, որ դերերի հստակեցում և աշխատանքի բաժանում պետք է լինի»։
Մանրամասները՝ տեսանյութում