«Ինձ դուր չի գալիս Երևանի ավագանու ձևավորված կազմը. հիմա ուզում ենք նույն բանն ունենալ նաև խորհրդարանո՞ւմ». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ փոփոխության է ենթարկվում այն օրենսգիրքը, որը նախկինում էլ թիրախավորվել է իրենց կողմից.
«Խնդիրը ռեյտինգային համակարգն էր, հիմա ունենք այդ համակարգի վերացման շանս։ Այո, խաղի կանոնները փոխվում են ընտրություններից անմիջապես առաջ, բայց խաղի կանոնները լիբերալացվում են, այսինքն՝ ավելի ազատական մոտեցում է ներդրվում։ Հետևաբար, հապճեպության խնդիրը ստորադասվում է այն ազատական մոտեցումներին, որ ներկայացվում է Ընտրական օրենսգրքում»։
Է. Մարուքյանի խոսքով՝ կարևոր հանգամանք է այն, որ վերացվում է կոալիցիաների արգելքը.
«Կարևոր է նաև այն, որ պարտադիր 4 ուժ անցնելու է խորհրդարան։ Հիմա գործո՞ղն է ներառական, որ երեք ուժ կա, թե՞ առաջարկվողը, որ 4 ուժ գոնե կլինի։ Ես կողմ եմ նաև Երևանում ձևավորված ավագանու կազմի համար. ինձ դուր չի գալիս ձևավորված այդ կազմը, նկատի ունեմ՝ քաղաքական ուժերի դասավորությունը։ Կա 57 հոգանոց իշխանական ֆրակցիա, 5 և 3 հոգանոց երկու այլ ընդդիմադիր ֆրակցիա։ Մենք չենք ունեցել հնարավորություն, որ չորրորդ ուժ անցնի այնտեղ, հիմա ուզում ենք նույն բանն ունենալ խորհրդարանո՞ւմ»։
Էդմոն Մարուքյանը նկատեց՝ պետք է ընդունվի ներկայացված օրենսգիրքը, իսկ ապագայում այնտեղ փոխելու շատ բան կա, կարելի է աշխատել, փոխել. «Մենք պատրաստ ենք երկու ֆորմատով էլ մասնակցելու, բայց սա ներառական ավելի լավ տարբերակ է»։