Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի խորհուրդը ՀՀ իշխանություններին՝ գործել օրենքով և ժողովրդի կամքով

«Կուզեմ մեկ կետ կարևորությամբ ընդգծել, որ հեղափոխությունն ընթացք է, շարունակվող ընթացք, և այդ ընթացքն իր հանգրվաններն ունի։ Կարելի չէ մի քանի ամսվա ընթացքին ամեն բան իրագործել։ Հետևաբար՝ պետք է այդ հեղափոխության ընթացքին հետևել, որպեսզի յուրաքանչյուր հանգրվանին ժողովրդի մասնակցությամբ կարելի լինի կատարել այն, ինչ որ հեղափոխության հիմնական նպատակներն էին»,- Լիբանանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն` անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը։

Նա խորհուրդ տվեց ՀՀ նոր իշխանություններին՝ գործել միմիայն օրենքով և ժողովրդի կամքով. «Իշխանությունների առաջ հիմնական ժողովուրդն է, հայրենիքը ժողովուրդն է, պետությունը ժողովուրդն է, եկեղեցին ժողովուրդն է, կազմակերպությունը ժողովուրդն է, հետևաբար՝ ժողովրդի տեսակետը, մոտեցումը, պոռթկումը, սպասումը, մասնակցությունը շատ կարևոր է, այլապես որևէ մեկ նախաձեռնություն, որևէ մեկ հեղափոխություն իր իմաստն ու նպատակը կորցնում է։

Դրա համար, ես կարծում եմ, որ այս հանգրվանին կարելի չէ որևէ մեկ դատողություն կատարել, հեղափոխությունը շարունակվում է՝ որպես գործընթաց։ Մի կողմից՝ պետք է ականջալուր և ականատես լիենլ ժողովրդի սպասումներին, և մյուս կողմից՝ տեսնել, թե հանգրվանային ընթացքով ինչ փոփոխություններ են կատարվում Հայաստանում»։

Ըստ նրա՝ օրենքի գերակայությունը հրամայական է. «Որևէ երկիր, որևէ պետություն, որևէ կազմակերպություն օրենքով կգործի։ Հետևաբար՝ օրենքը և օրինականությունն առանց խտրության պետք է մղիչ ուժը դառնան այս հեղափոխական ընթացքի, և երկրորդ՝ համարատվությունը։ Իշխանությունը գալիս է ժողովրդից, և իշխանությունն իր կյանքով ու գործով, իր նպատակերով և իրագործումներով միշտ համարատու պետք է լինի ժողովրդին։ Հետևաբար՝ համարատվությունը կարևոր է, և ժողովրդի մասնակցությունն այս հեղափոխական ընթացքին կենսական անհրաժեշտություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս