«Հրեշտակի թևեր առած հանրապետականները հերթ են կանգնում նոր իշխանության դռների առաջ». Տիգրան Ուրիխանյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ Երևանի քաղաքային ընտրություններին չմասնակցած մարդիկ խորհրդարանական ընտրություններին գոնե պետք է իմանան, որ անհրաժեշտ է տնից դուրս գալ և սեփական դիրքորոշում հայտնել, որովհետև, նրա խոսքով՝ ոչ ոք չի կարողանալու կաշառք բաժանել, ստիպել ընտրողներին՝ այսպես կամ այնպես քվեարկել։

«Ժողովրդի մեջ իրավիճակի նկատմամբ հույս առաջացրած ուժն անշուշտ պետք է ամրապնդի իր տեղն ու դերը հեղափոխության մեջ՝ նաև խորհրդրարանական ընտրություններին հաղթանակ արձանագրելով։ Խորհրդարանում պետք է լինի 4 խմբակցություն, իսկ այս ընտրությունները պետք է լինեն ոչ թե սևերի և սպիտակների, այլ միայն սպիտակների միջև։ Իսկ ո՞վ ասաց, որ հրեշտակի թևեր առած հանրապետականները, որոնք հերթ են կանգնում նոր իշխանության դռների առաջ, պետք է հիմա այլ ճանապարհով ճողոպրեն ու նորից գան խորհրդարան։ Ժողովրդի կողմից շատ սիրված պարոնայք Շարմազանովը, Աշոտյանը, Սարգսյանը և մյուսները գալու են մրցակցեն ու ի՞նչ անեն, նորից անցնեն խորհրդարա՞ն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խորհրդարան ճողոպրելու ցանկություն ունեն բոլորը։

Նրա խոսքով՝ ռեյտինգային ընտրակարգը պետք է րոպե առաջ վերացնել։

«Նրանք, ովքեր մինչ օրս արժանացել են ժողովրդի վստահությանը, պետք է լինեն խորհրդարանում»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս