Բաժիններ՝

ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը, նախնական տվյալներով, կազմել է 35.23 տոկոս

Հայաստանի 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 20։00-ին ընտրատեղամասերի փակման պահին, նախնական տվյալներով, կազմել է 35.23 տոկոս, ընտրողների ցուցակներում ընդգրկված է 217 հազար 708 մարդ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ղեկավար ընտրող համայնքներից Էջմիածնում քվեարկել է 45 հազար 278 ընտրողների 34.95 տոկոսը, Արմավիրում՝ 28 հազար 699 ընտրողների 34.62 տոկոսը, Հրազդանում՝ 44 հազար 156 ընտրողների 36.82 տոկոսը, և Կապանում՝ 34 հազար 969 ընտրողների 55.77 տոկոսը։

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի 21-ին անցկացվեցին են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական էին, իսկ 25-ում՝ արտահերթ:

Նշված համայնքներից 42-ում կայանացել են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Հոկտեմբերի 11-ին ժամը 18.00-ին լրացել էր ՏԻՄ ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը: Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 146 քաղաքացիներից 17-ը ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Մերժվել էր համայնքի ղեկավարի մեկ թեկնածուի գրանցում` ընտրական գրավը չվճարելու հիմքով:

Համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 128 թեկնածուներից 126-ը առաջադրվել էին ինքնաառաջադրմամբ, մեկական թեկնածու են առաջադրել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 43 համայնքներից 15-ում քվեարկվել է 2-ական թեկնածու, 9 համայնքում՝ 4-ական թեկնածու, 8 համայնքում՝ 3-ական թեկնածու, 6 համայնքում՝ 1-ական թեկնածու, 4 համայնքում՝ 5-ական թեկնածու, և մեկ համայնքում՝ Վաղարշապատում, քվեարկվել է 12 թեկնածու:

Ավագանու անդամի գրանցված 59 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել 4 թեկնածու: Ավագանու անդամի ընտրությունների քվեարկությանը մասնակցած բոլոր 55 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:

Համայնքի ղեկավարի 128 թեկնածուներից 6-ը, և ավագանու անդամի 55 թեկնածուներից 9- իգական սեռի ներկայացուցիչներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս