Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը. ներկա էր քաղաքապետ Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ստեղծագործական խմբին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ հուշակոթողը գալիք սերունդների համար կդառնա 2800-ամյա Երևանի յուրօրինակ խորհրդանիշ:
«Երևան 2800, պատկերացնում եք ինչ հինավուրց, հիանալի ու հազարամյակների պատմություն ունեցող քաղաքում ենք ապրում: Ավելի մեծ նվեր Երևանին՝ չէր էլ կարող լինել: Այս հուշարձանը, բացի նրանից, որ արվեստի գործ է, 2800 տարի անց դառնալու է խորհրդանշական ապացույց մեր ժառանգների համար, որոնք պեղումների միջոցով կգտնեն այն ու կիմանան, որ 2800 տարի առաջ Երևանում ապրել են իրենց պատմությունը հարգող հպարտ և երջանիկ քաղաքացիներ: Ամենևին էլ պատահական չէ, որ այս հուշակոթողը տեղադրվում է արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Կարապետյանի անվան պուրակում: Փառք ու պատիվ մեր բոլոր հերոս տղաներին, որոնց շնորհիվ այսօր մենք խաղաղ պայմաններում կարողանում ենք վայելել արևոտ այս օրն ու Երևանի տոնը»,- նշել է Հայկ Մարությանը:
Հուշարձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Հայկ Մարությանին և ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին:
Կյանքի ու կենսատվության խորհրդանիշ հուշարձան-աղբյուրը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևանի հավերժությունը՝ հասկի ձևով: Հուշարձանը զարդարում են ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ վիշապատեսք զարդաքանդակները, որոնք նաև պաշտպանիչ խորհուրդ ունեն:
Հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Մհեր Սիմոնյանը: