![](/banners/BeFunky-design.jpg)
Պատարագ՝ նվիրված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամյակին
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/1-58.jpg)
Այսօր Բեյրութում Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ՝ նվիրված Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ձեռնադրման 50-ամյակին: Պատարագին մասնակցեց նաև աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն իր ելույթում հայտարարեց, որ վերջին ամիսների ընթացքը մեր ժողովրդի կյանքում, հատկապես Հայաստանից ներս, վարչապետի խոսքերով, սիրո և համերաշխության նոր էջ է բացվել:
«Ես վստահ եմ, որ այս սիրո և համերաշխության էջը նաև պետք է դառնա ազգային միասնականության էջ»,- ասաց նա:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նշեց, որ իրենք պետք է շարունակեն նոր հավատքով իրենց մասնակցությունը բերել Հայաստանի հզորացման և Արցախի ամրապնդման բոլոր աշխատանքներում:
Ձեռնադրման 50-ամյակին նվիրված իր ելույթում Ն. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ հայապահպանության ու հայերենի անաղարտության պահպանման ջանքերի համար:
«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը սփյուռքի հայերի մի մեծ հատվածի հոգևոր կենտրոնն է, եկեղեցական և կրոնական ավանդույթների պահպանման ու հարստացման յուրահատուկ դարբնոց է: Անթիլիասը հազարավոր հայերի սրտում է»,- ասաց Ն.Փաշինյանը: Ըստ նրա՝ Հայաստանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահել Սիրիրայում ու Արաբական աշխարհում կատարվող իրադարձությունները: Նա հույս հայտնեց, որ պատմամշակութային ժառանգության, հայկական ունեցվածքի տնօրինման, նաև սիրիահայ համայնքի վերականգնման ուղղությամբ կաթողիկոսի ջանքերը կպսակվեն հաջողությամբ:
Լիբանան-Երևան