Չկա իմ մասին մեկ փաստաթուղթ, որտեղ կոռուպցիայի, չարաշահումների ռիսկի մասին գրված է. գյուղատնտեսության նորանշանակ նախարարի ԺՊ. tert.am
ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարի ԺՊ Գեղամ Գևորգյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նախարար դառնալու առաջարկին միանգամից համաձայնել է: «Սուտ կլինի ասել, որ ամեն օր սպասում էի դրան, առաջարկը ընդունել եմ սիրով, քանի որ կարծում եմ, որ կարող եմ աշխատանք անել ոլորտում»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե վարչապետը նշել է, որ եկել է բարիկադներն ապամոնտաժելու ժամանակը, և հարցին, թե ամեն դեպքում Դուք ձեզ բարիկադներից այն կողմ համարում էիք՝ հաշվի առնելով, որ նախկին կառավարությունների հետ աշխատելու բավականին երկար փորձ ունեիք, նա ասաց`ոչ: «Ես կառավարման համակարգում աշխատում եմ արդեն 10 տարի, սա քաղաքական առաջին պաշտոնն է, որ զբաղեցնում եմ, իսկ մնացած բոլոր պաշտոնները, կարծում եմ, կարելի է անվանել մասնագիտական պաշտոններ: Գոնե ես ինձ բարիկադներից այս կողմ, այն կողմ չեմ զգացել»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պահանջներ է վարչապետը դրել նրա առջև, Գեղամ Գևորգյանն ասաց. «Ինձ միշտ առաջադրվել է նույն պահանջը` լինել պրոֆեսիոնալ, նվիրված և անել հնարավորինս, որ ազգաբնակչությանը օգուտ տաս: Ներկայիս վարչապետն էլ նույն խնդիրն է դրել, և խոսք եմ տալիս, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անեմ առավելագույնը, որ արդարացնեմ կառավարության քաղաքացիների սպասումները»:
Հարցին, թե կոռուպցիոն բնույթի հրապարակումները բացասական ֆոն չե՞ն ստեղծել իր անձի շուրջ, նա պատասխանեց. «Չկա մեկ փաստաթուղթ, որտեղ կոռուպցիայի, չարաշահումների որևէ ռիսկի մասին խոսք է գրված, այսօր էլ հրապարակել էին, որ ես Կարեն Կարապետյանի սանիկն եմ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։