«Առայժմ լավ է, որ Մարությանի փորձի պակասը միայն հայտարարություններում է արտահայտվում, ռեալ գործողությունների չի հասնում». Վիգեն Հակոբյան

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երդմնակալության արարողության օրը հայտարարեց, որ 2013թ. դեմ է եղել ուղեվարձի թանկացմանը, սակայն այսօր նրա դիրքորոշումը մի քիչ փոխվել է:

Քաղաքապետը զարմանում է, որ 5 տարվա ընթացքում ամեն ինչ թանկացել է, բացի ուղեվարձից: Մարությանը չի բացառել, որ նախորդ իշխանությունները վախեցել են հասարակական դժգոհությունից և սակագինը չեն վերանայել, և նշեց, որ, եթե թանկացման հարց առաջ գա, այն կլուծվի հանրաքվեով։

«Մենք միասին պետք է լուծենք այս խնդիրը: Օրինակ` մենք կոնկրետ սակագին կներկայացնենք, և քաղաքացին կորոշի՝ սուբսիդավորել ուղեվարձը պետության հաշվի՞ն, թե՞ վճարել սեփական գրպանից: Առաջին դեպքում հասկանալի է, որ դա կարվի ուրիշ ծրագրի կամ նախագծի հաշվին»,- ասել է նա:

Ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում Մարությանը գրեց, որ. ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ է տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը. «Տրանսպորտի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար սակագինը չթանկանա»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերոնշյալ խնդրին՝ ասաց, որ նորմալ պրակտիկա է, երբ կարևորագույն հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով.

«Կարող է մոտ 10 կարևոր հարց կուտակվել՝ քաղաքային կարևոր խնդիրների վերաբերյալ, որոնց պատասխանատվությունն իշխանությունը կցանկանա կիսել քաղաքացիների հետ։ Նման մեխանիզմ կարելի է մտածել, որ ոչ թե ամեն հարցի շուրջ հանրաքվե անել, այլ կուտակված խնդիրները փաթեթով դրվեն հանրաքվեի»։

Ինչ վերաբերում է նրան, որ Մարությանը չի բացառում տրանսպորտի թանկացումը, Հակոբյանը դժվարացավ ասել՝ նման մտադրություն, իրո՞ք, կա, թե՞ դա հասարակական տրամադրությունները ստուգելու փորձ է։

«Որոշակի փոփոխություններ տրամադրություններում կարող են լինել, ես չեմ կարծում, որ այն, ինչ ասվում է 5 տարի առաջ, վերջին ինստանցիայի աքսիոմաներ են և չպետք է վերանայվեն։ Բայց լուրջ քննարկումներ պետք է լինեն, որի մասին էլ խոսվում է։ Անձամբ ես հավերժ մոտեցումներ չեմ ընդունում ո՛չ քաղաքականության, ո՛չ տնտեսության մեջ, կարծում եմ, որ բոլոր հարցերը պետք է ինչ-որ մեխանիզմով լուրջ քննարկվեն, այդ թվում և՝ հանրաքվեի միջոցով»,- ասաց քաղտեխնոլոգը։

Հարցին՝ գործող քաղաքապետի մոտ դեռ նախընտրական շրջանից կարծես ավանդույթ է ձևավորվել, երբ մի հայտարարություն է անում, հետո ֆեյսբուքյան գրառում է կատարում՝ նշելով, որ իր խոսքը սխալ է մեկնաբանվել, սա ինչի՞ մասին է խոսում, փորձի պակասի՞, նա այսպես պատասխանեց. «Առայժմ որոշակի փորձի պակասի մասին է խոսքը, և առաջին հերթին՝ փորձի պակաս՝ հանրության հետ հստակ շփման առումով։ Սա փորձի պակաս է, որը կարելի է հաղթահարել։ Դա Հայկ Մարությանի համար էլ է մեծ փորձ, մեծ դաս է, որ ցանկացած ոչ հստակ խոսք կարող է ցանկացած կերպ մեկնաբանվել, և շատ դեպքերում՝ ի վնաս իրեն։ Այս ուղղությամբ նա աշխատելու մեծ ֆրոնտ ունի։ Առայժմ լավ է, որ Մարությանի փորձի պակասը միայն հայտարարություններում է արտահայտվում, ռեալ գործողությունների չի հասնում։ Ես, օրինակ, շատ դրական եմ գնահատում, որ մամուլն ու հանրությունն արագ են արձագանքում, չեն թողնում, որ այլ զարգացումներ լինեն»:

Տեսանյութեր

Լրահոս