Նիկոլ Փաշինյանը պաշտոնական ընթրիքի ժամանակ Ջասթին Թրյուդոյին նվիրել է նրա հոր լուսանկարները և գուլպաներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ Փաշինյանը Թրյուդոյին նվիրել է նրա հոր՝ Խորհրդային Հայաստանի պետական անվտանգության կոմիտեի արած լուսանկարները, և գուլպաներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանը նվերները հանձնելիս, բաժակաճառի ժամանակ, մասնավորապես, նշել է. «Հայաստանում շատ է քննարկվում դա, և պարոն վարչապետն էլ նշեց, որ 1984 թվականին իր հոր՝ Պիեռ Թրյուդոյի հետ Հայաստան այցելելու առիթ է ունեցել: Եվ հույս ունեմ, որ պարոն Թրյուդոն հասկանում է, որ խորհրդային այդ ժամանակաշրջանում իր հայրիկի հետ մենակ չեն եղել, մենակ չեն եղել, մենակ չեն եղել: Եվ մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը փնտրել և գտել է այս լուսանկարը Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից: Ի՞նչն է հետաքրքիր. քանի որ պարոն Թրյուդոն այն ժամանակ տակավին մանուկ է եղել և հետաքրքրություն չի ներկայացրել Պետական անվտանգության կոմիտեի համար, նա որևէ կերպ օբյեկտիվի տեսարանում չի հայտնվել: Հաճույքով սա նվիրում եմ իմ բարեկամին:
Բայց սա ամենը չէ: Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը»: