Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված գալա-համերգին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա-համերգին: Գալա-համերգին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարությունը:
Ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվել է հայ կոմպոզիտորական արվեստը։ Հնչել են` հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, Ուզուն դարան, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի Ձկնորսների պարը «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նաև «Քոչարի» պարեղանակը, ինչպես նաև «Դլե յամանը» Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Գալա-համերգի ավարտական մասը նվիրված է եղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին է նվիրել Մակրոնի՝ «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանված տարբերակը: Գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին ընդառաջ՝ պետական աջակցությամբ: