
Նիկոլ Փաշինյանը մի քանի բառ փոխանակեց Սոֆյա ռոբոտի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի ընթացքում մի քանի բառ փոխանակեց արհեստական բանականությամբ օժտված Սոֆյա անունով ռոբոտի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող տնտեսական ֆորումում իր ելույթից հետո տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մոտեցավ նաև Սոֆյա անունով ռոբոտին և մի քանի բառ փոխանակեց նրա հետ: Վարչապետը հարցրեց Սոֆյային՝ կարող են արդյո՞ք նրա հետ լուսանկարվել, Սոֆյայի պատասխանն էր՝ իհարկե:
Սոֆյան կանացի արտաքինով մարդանման ռոբոտ է, որը մշակվել է հոնգկոնգյան Hanson Robotics կազմակերպության կողմից: Նա նախագծվել է այնպես, որ կարողանա ադապտացվել մարդկանց պահվածքին, ինչպես նաև աշխատել նրանց հետ: Սոֆյան ակտիվացվել է 2015թ. ապրիլին, օժտված է արհեստական բանականությամբ, կարողանում է շփվել մարդկանց հետ մարդկային լեզուներով, սովորել, հասկանալ մարդկանց հույզերը:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակում «Թումո»-ում մեկնարկել էր տնտեսական ֆորումը: Հոկտեմբերի 10-ի այս միջոցառումն առաջինն էր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովների պատմության մեջ: Այն անցկացվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո:2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»: