Բաժիններ՝

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարարին

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 7-ին հանդիպել է Կանադայի զբոսաշրջության, պաշտոնական լեզուների և Ֆրանկոֆոնիայի նախարար Մելանի Ժոլիի հետ, ով Հայաստան է ժամանել մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում աշխատանքների ծրագրին, նախատեսվող հարակից միջոցառումներին և ներկայացվելիք փաստաթղթերին առնչվող հարցեր:

Զրուցակիցները երկուստեք նշեցին, որ ՖՄԿ-ը հարթակը լայն հնարավորություն է ընձեռում ֆրանկոֆոն տարածաշրջանում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև կազմակերպության անդամ պետությունների միջև երկկողմ կապերի առավել զարգացման համար:

Նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ համոզմունք հայտնելով, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոի Հայաստան կատարելիք այցը նոր լիցք և բովանդակություն կհաղորդի երկու բարեկամ երկրների համագործակցությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս