Հայաստանի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում ներկայանում է երկրի զբոսաշրջային ողջ գրավչությամբ
Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանի տաղավարը ներկայացնելու է տասը մարզերի և Արցախի մշակույթը, պատմությունը, բարիքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում տաղավարը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքետինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը:
«Հայաստանի ամբողջական տաղավարում ներկայացված են 10 մարզերը և Արցախը: Մենք փորձել ենք հնարավորինս պատկերավոր ներկայացնել մեր մարզերը, մշակույթը, պատմությունը, բարիքները, այն ամենը, ինչը մեր հյուրերը, մարզեր այցելելով, կարող են տեսնել: Հնարավորինս այնպես ենք արել, որ տաղավար այցելելուց հետո այս օրերին Հայաստանում գտնվող մեր ֆրանկոֆոն ընկերները հետագայում անպայման վերադառնան մեր երկիր՝ որպես զբոսաշրջիկ»,- ընդգծեց Ալոյանը:
Տաղավարը պատրաստվել է Զբոսաշրջության պետական կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Արցախի և ՀՀ 10 մարզպետարանների համատեղ ուժերով և աջակցությամբ:
Ամեն մարզից տաղավարում ներկայացված են գրաֆիկական պատկերներ՝ դրանց մասին կարճ հետաքրքիր տեղեկատվությամբ: Ինչպես նաև կան տվյալ մարզին բնորոշ, էթնիկ մշակութային ցուցանմուշներ: Արմավիրի մարզից ներկայացված են չրերը, Տավուշի մարզից՝ էթնիկ պատշգամբներից հատվածներ, Շիրակի մարզից՝ Ավետիք Իսահակյանի օրորոցը, իսկ Արարատի մարզը ներկայացված է Արարատյան դաշտի բերք ու բարիքներով: Տաղավարում ներկայացված է նաև գորգագործություն, խաչքարագործություն:
Գոհար Ալոյանը նկատեց՝ հոսքը բավականին մեծ է: Հյուրերի հետ ֆրանսերենով հաղորդակցվելու համար աջակցում է կամավորների խումբը: Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ նաև գրանցած մասնակիցների համար օրական երեք անգամ տուրեր են անցկացվում Հայաստանի զբոսաշրջային վայրերում:
Ֆրանկոֆոնիայի ավանի, ինչպես նաև տաղավարի պաշտոնական բացումը կլինի հոկտեմբերի 9-ին:
Ֆրանկոֆոնիայի ավանի նպատակն է ներկայացնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մշակութային բազմազանությունը, որը նաև երևանյան գագաթնաժողովի օրակարգի կարևոր թեմաներից է։ Մասնակիցներին հատկացված տաղավարների միջոցով հնարավորություն է ընձեռվում ցուցադրելու ֆրանկոֆոն երկրների մշակույթն ու կենցաղը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի ավանն անցկացվում է «Ապրել ու ստեղծել միասին» կարգախոսով: Ներկայացվում է մասնակից երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Ներկայացվելու են արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործիչները: