Երևանում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները
Երևանում հոկտեմբերի 7-ին մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի միջոցառումները, որոնց աշխատանքների սկիզբն ազդարարվեց Մշտական խորհրդի նիստում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար- ՖՄԽ-ի նախագահի կողմից:
«Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում այսօր: Որոշումների կայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախ հաստատվում են անդամ երկրների դեսպանների կողմից, այնուհետև ներկայացվում նախարարներին և նախագահներին։ Այստեղ թե՛ լիիրավ, թե՛ ոչ լիիրավ, թե դիտորդ բոլոր անդամ երկրների դեսպաններն են: Մենք փաստաթղթերի պատրաստման մեջ ենք անձամբ ներգրավված: Որոշումները կայացվում են անդամ պետությունների և կառավարությունների կողմից: Ինչևէ, իհարկե, հսկայական պատասխանատվություն է»,- նշեց ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի հաջորդ գագաթաժողովը կանցկացվի Թունիսում:
«18-րդ Գագաթաժողովը կանցկացվի Թունիսում, ինչպես որոշվել էր Անտանանարիվուում: Այն կլինի նույնքան կարեւոր գագաթաժողով, քանի որ համընկնում է ազմակերպության 50-րդ տարելիցին: Պետք չէ մոռանալ, որ Թունիսը կազմակերպության հիմնադիր երկիր է»,- նշեց դեսպանը:
Մշտական խորհրդի նիստի ընթացքում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ելույթը Ֆրանկոֆոնիայի տնտեսական, դիվանագիտական և քաղաքական գործունեության վերաբերյալ: Մշտական խորհուրը կքննարկի Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ համաժողովի և 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այսօր բոլոր քննարկումներն անցկացվելու են փակ ռեժիմով:
Հոկտեմբերի 8-9-ը Երևանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովը: Հոկտեմբերի 9-ին Ազատության հրապարակում նախատեսված է Ֆրանկոֆոնիայի ավանի պաշտոնական բացումը: Ֆրանկոֆոնիայի ավանում գագաթաժողովի մասնակից երկրները, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային և լեզվական ողջ բազմազանությունը: Կներկայացվեն արհեստագործական իրեր, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունները, արվեստի, մշակույթի գործեր, ինչպես նաև ազգային խոհանոցը: Բացմանը նախատեսված են ելույթներ, երաժշտական կատարումներ, այց Ֆրանկոֆոնիայի ավանի տաղավարներ:
Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության (ՖՄՄ) 47-րդ նստաշրջանը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 9-12-ը, Ծաղկաձորում։ Այս նստաշրջանի քննարկումների համար ՖՄՄ-ն ընտրել է «Լրատվամիջոցները եւ միգրացիան» թեման։ Այս շատ արդիական թեման հնարավորություն կտա հասկանալու տեղեկատվության մշակման ձևերը և ԶԼՄ-ների դերն իրենց երկրներում հասարակական կարծիքների ձեւավորման գործում։
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում առաջին անգամ հոկտեմբերի 10-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպվելու է տնտեսական ֆորում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: 2014թ.-ին Դաքարում անցկացված Ֆրանկոֆոնիայի 15-րդ գագաթաժողովի ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել առավել խորացնել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ուղղությունը՝ ընդունելով Ֆրանկոֆոնիայի առաջին տնտեսական ռազմավարությունը: Ռազմավարության նպատակն է «ուժեղացնել ֆրանկոֆոն տնտեսական գոտին՝ դիմագրավելով տնտեսական, սոցիալական, էներգետիկ եւ բնապահպանական մարտահրավերների հանգեցնող խնդիրներին, ինչպես նաեւ հակազդել գլոբալ տնտեսական եւ ֆինանսական համակարգերում աճող անհամաչափություններին»:
Հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում ժամը 19:30-ին կանցկացվի գալա համերգ, որի եզրափակիչ հատվածը նվիրված է լինելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Համերգի մյուս մասում ելույթ կունենան աշխարհահռակ երգիչներ Անժելիկ Կիժոն, Մելոդի Գարդոն, Զազը:
Հոկտեմբերի 11-12 կանցկացվի Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որը կմեկնարկի բացման հանդիսավոր արարողությամբ: Գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:
Գագաթաժողովի թեման է «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը եւ զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։