Ովքեր կողմ կքվեարկեն ԱԺ արտահերթ ընտրությունները կանխող նախագծին, նրանք քաղաքական պատերազմ են հայտարարում ժողովրդին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազգային ժողովի կանոնակարգ-օրենք»-ում փոփոխպություններ նախատեսող օրինագծի ստեղծմանը մասնակից քաղաքական ուժերին համարում է հակեղահեղափոխական ուժեր: Այդ մասին վարչապետը նշեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում:

«Այսօր առավոտից տեղի են ունենում քաղաքական բուռն իրադարձություններ, և ուզում եմ ձեզ պատմել դրանց մասին ու դրանցից արված հետևությունների մասին: Երկար ժամանակ ՀՀ-ում քննարկվում էր՝ ի վերջո Հայաստանում գոյություն ունի՞ հակահեղափոխություն, թե՝ ոչ: Ի վերջո, այսօր այդ հարցի պատասխանը ստացվեց: Երեկ Ազգային ժողովի օրակարգ է մտցվել, քննարկվել և նախատեսվում էր այսօր քվեարկել մի օրենսդրական նախաձեռնություն, որի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցակցումը կանխելն է՝ ոչ միայն շուտափույթ, այլև միջնաժամկետ հատվածում, և այդպես շարունակ: Այդ նախագծի հեղինակը Հանրապետական խմբակցության մի պատգամավոր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ օգտատերերին խնդրելով քննարկումների կոնտեսքստում չմոռանալ սիրո և համերաշխությկան սկզբունքների մասին:

«Ըստ էության, ներկայացվել է օրենքի մի նախագիծ, որի նպատակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կանխելն է, այնպես անելը, որ Հայաստանում ժողովրդավարության այս պայմաններում դե ֆակտո մտնի մի քաղաքական ճգնաժամի մեջ, որն այդպես էլ հնարավոր չլինի հաղթահարել: Իհարկե, իրավական մանրամասներին ես չեմ ուզում անդրադառնալ, բայց հիմնական իմաստը դա էր: Նախագծի իմաստն այն է, որ օրինակ, եթե ժողովրդի կողմից Ազգային ժողովի շենքը շրջափակված լինելու պատճառով նիստը տեղի չի ունենում, ապա կարող է համարվել, որ այդ նիստը ոչ թե չի կայացել, այլ ընդհատվել է: Այսինքն, սա նշանակում է, որ Սահմանադրությամբ կամ օրենքով նախատոեսված ժամկետները կասեցվում են: Այսինքն, եթե նիստը ընդհատվում է և դրանից անցնում է մի շաբաթ կամ մեկ, կամ 6 ամիս՝ դե յուրե կհամարվի, որ ոչ թե 6 ամիս է անցել, այլ այդ նիստը շարունակվում է: Ըստ էության սա է այդ օրենքի նախագծի իմաստը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով, որ բոլորն էլ կհասկանան, թե ինչ կապ ունի օրինագիծը հակահեղափոխության հետ:

«Ըստ էության, այն ուժերը, որոնք մասնակցել են այս նախագծի ստեղծմանը և պատրաստվում էին դրան կողմ քվեարկել, նրանք իրենց բացահայտում են որպես հակահեղափոխական ուժ: Բոլոր նրանք, ովքեր որևէ ձևով կողմ կքվեարկեն այս նախագծին, նրանք քաղաքական պատերազմ են հայտարարում հայ ժողովրդին: Այդ հարցը հրատապ մտցվել էր և դրա քվեարկությունը կայանալու էր այսօր ցերեկը, ես խոսակցություն ունեցա Արա Բաբլոյանի, ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ և նրանց ասացի, որ եթե այդ քվեարկությունն առնվազն այսօր չհետաձգվի, ստիպված եմ լինելու դիմել ժողովրդին և օգնություն խնդրել ժողովրդից : Ուրախ եմ, որ այդ նախագիծը չդրվեց քվեարկության: Ես այսօր եղա Ազգային ժողովում, և ես այս քայլը համարում եմ մեր բանակցային գործընթացը խաթարող քայլ, և այս քայլը ի ցույց է դնում հակահեղափոխական ուժերի շրջանակը: Ես ՀՀԿ խմբակցության ղեկավարին կոչ եմ արել քայլեր ձեռնարկել, որ այդ նախագիծը շրջանառությունից հանեն: Ես ցանկանում եմ պատգամավորներին կոչ անել ներքաղաքական իրավիճակը չսրել և երկրում նորից հեղափոխական իրավիճակ չստեղծել: Եթե պարզվի, որ այդ նախագիծը ընդունվելու է, ես դիմելու եմ ժողովրդի աջակցությանը և մենք ստիպված ենք լինելու միասին դուրս գալ հրապարակ: Եթե պարզվի, որ ինձ աջակցում եք, մենք կկարողանանք միասին հաղթահարել այս ամենը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս