Վահագն Խաչատրյանը Երևանի կառավարման ամբողջ համակարգը նորովի փոխելելու անհրաժեշտություն է տեսնում

Երևանի ավագանու ընտրություններն ավելի շատ քաղաքական էին, քան քաղաքային: Քարոզարշավի ընթացքում քաղաքական շեշտադրումներն ավելի ընդգծված էին, փոխարենը շատ քիչ կար ծրագրերի մրցակցություն: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Այն փոփոխությունը, որ տեսանք ապրիլ, մայիս ամիսներին, բնական է, որ մենք պետք է տեսնեինք Երևանի ավագանու ընտրություններին: Ինչպես տեսանք՝ արդյունքները դրական էին: «Իմ քայլը» դաշինքը ստացավ մեծ թվով երևանցիների վստահությունը: Այսօր երևանցին իրավունք ունի նոր քաղաքային իշխանություններին պահանջներ ներկայացել, ի վերջո, քարոզարշավին բազմաթիվ խոստումներ են հնչել, պետք է հասկանանք, թե որքանով են դրանք իրականանալի»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Նախկին քաղաքապետը նշեց, որ քաղաքային նոր իշխանությունները հսկայական անելիք ունեն: Նա ընդգծեց մայրաքաղաքի կառավարման արդյունավետության հարցը:

«Երևանում կա քաղաքապետ, ով անմիջական ղեկավարում է իրականցնում, կան լիազոր ներկայացուցիչներ՝ թաղապետեր, հաջորդ օղակը համատիրություններն են: Այս տարիների ընթացքում ինչ ուզում էինք անեինք, այդ ԺԷԿ-ի տրամաբանությունից չկարողացանք դուրս գալ: Համատիրությունները դարձան կեղծարար համայնքի օղակներից մեկը: Կարևոր խնդիր է այն, որ պետք է կարողանանք այս կարևոր օղակի հարցը լուծել»,- ասաց նա:

Հաջորդ կարևոր խնդիրը, ըստ Վահագն Խաչատրյանի, բնակֆոնդի հարցն է: Նա ընդգծեց, որ այստեղ լուրջ հարց կա. բազմաթիվ շենքեր անմխիթար վիճակում են:

«Այսօր ծրագրեր են իրականացնում՝ էներգախնայողություն, նոր տեխնոլոգիաներ, բայց այդ շենքերում նման ծրագրերը զրո արդյունք կունենան, որովհետև դրա համար նախատեսված չեն, տարիներ շարունակ կապիտալ վերանորոգումներ չեն արվել: Մենք ապրում ենք այդ շենքերում ու գիտենք, որ որևէ սպասարկում չի իրականացվում: Սրան գումարվում է վերելակների խնդիրը»,- նկատեց Վահագն Խաչատրյանը: Նա նշեց, որ այս տարիների ընթացքում ֆինանսական միջոցների բացակայության, քաղաքական դրդապատճառների պատճառով այս խնդիրները օրակարգում չեն եղել: Սրա մասին է, որ պետք է բարձրաձայնել: Ըստ Վահագն Խաչատրյանի՝ ամբողջ կառավարման համակարգը պետք է նորովի փոխել, նույնիսկ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն կա: Նա վստահ է, որ նոր քաղաքային իշխանությունը պատրաստ կլինի փոփոխություններին, որովհետև ժողովրդի կողմից են ընտրվել:

Տեսանյութեր

Լրահոս