«Ադրբեջանը չի կարող լինել ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ. իրենց մոտ դա պետական կոնցեպտ է». Ստեփան Գրիգորյան

Ռուսական մամուլում այս օրերին դարձյալ քննարկվում է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցը։ Օրինակ՝ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը դա հավանական է համարում՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերը խնդիրներ են առաջացնում հայ-ռուսական հարաբերություններում, ինչը կարող է օգտագործվել Ադրբեջանի կողմից։ Ավելին, փորձագետը նշում է, որ եթե Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու հարցի շուրջ Հայաստանն օգտագործի վետոյի իրավունքը, կարող է դրվել հետևյալ հարցը՝ եթե Հայաստանը դեմ է դրան, թող ինքը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Որքանո՞վ են նման սցենարներն իրատեսական, և ինչո՞ւ է ռուսական մամուլում դարձյալ շրջանառվում այս հարցը, փորձել ենք հասկանալ՝ զրուցելով Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ։

– Պարոն Գրիգորյան, Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին որքանո՞վ է իրատեսական, բավարար չե՞ն հայկական կողմի այն հայտարարությունները, որ նման սցենարի զարգացման դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իրավունքը, ինչո՞ւ է այդքանից հետո այս հարցը դեռ շրջանառվում։

– Փայլուն հարց է. ես կարծում եմ՝ դա ռեալիստական չէ, ոչ ոք չի կարող Հայաստանը ՀԱՊԿ-ից հանել ոչ այն պատճառով, որ չեն կարող։ ՀԱՊԿ կանոնադրությունում կա հնարավորություն, երբ բոլոր մյուս երկրները, առանց մի երկրի կարծիքի, կարող են հեռացնել նրան, բայց դա չեն անի մի շարք պատճառներով։ Առաջին՝ Հայաստանն այդ միավորման առանցքային պետություն է՝ քաղաքական իմաստով։ Երկրորդ՝ միակ պետությունն է Հարավային Կովկասում, որտեղ ռուսական ռազմաբազա է տեղակայված, և Ռուսաստանը կյանքում դրան չի գնա։ Բայց Ռուսաստանը շահագործում է այն փաստը, թե Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ անդամ դառնալ, Հայաստանի կհեռացնեն ՀԱՊԿ-ից զուտ նրա համար, որ ՀՀ նոր իշխանությունները, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ, բայց Հայաստանի սուվերենությունը պահպանում են, մի քիչ թուլացնեն դա։ Ասենք, օրինակ, ուզում եք հետ կանչել Խաչատուրովին՝ հաշվի չառնելով մյուսների կարծիքը, կամ՝ ուզում եք ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում եղած խնդիրները կտրուկ բարձրացնել… Այսինքն՝ Ռուսաստանն ուղղակի ուզում է, որ մենք ավելի պակաս ինքնուրույն լինենք։ Ռուսաստանն անընդհատ առաջ է քաշում այն թեզը, թե Ադրբեջանը կարող է ՀԱՊԿ անդամ լինել կամ դիտորդ լինել, անընդհատ փոխում են մոտեցումները միայն  մի պատճառով, որ ՀՀ նոր կառավարությունն այդպես էֆեկտիվ չկարողանա իր մոտեցումները պաշտպանել։ Եվ բոլոր մարդիկ, նաև՝ ՀՀ նախկին իշխանությունները, պետք է հասկանան, որ հիմա Ռուսաստանը կարող է իրենց փորձել օգտագործել ՀՀ շահերի դեմ։ Բոլորը պետք է հասկանան, որ խաղերի մեջ չպետք է մտնեն։

– Այս համատեքստում հնարավո՞ր է, որ Ռուսաստանն Արցախի հարցում սակարկությունների գնա Ադրբեջանի հետ։

-Ամեն ինչ կարող է լինել, բայց սահման կա։ Եթե Ռուսաստանը գնա սակարկությունների, կկորցնի Հայաստանը։ Ռուսաստանը դա հասկանում է, դրան չի գնա, այդ սահմանը երբեք չի անցնի։ Չի անցնի նաև այն սահմանը, որ Արցախում պատերազմ լինի, որովհետև դա ձեռնտու չէ իրեն։ Բայց դրանից պակաս բաների կարող է գնալ, ասենք՝ հուշեն Ադրբեջանին, որ սադրանք անի։ Դուք գիտե՞ք, որ Ադրբեջանի ռազմավարական կոնցեպտում հստակ կա, որ Ադրբեջանը ոչ մի բլոկի չի միանալու, իրենց մոտ դա պետական կոնցեպտ է։ Ըստ դրա՝ Ադրբեջանը չի կարող լինել ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ ՀԱՊԿ-ի անդամ։

– Դա անբեկանելի՞ է, որովհետև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից էլ են հնչում ՀԱՊԿ-ին միանալու վերաբերյալ հայտարարություններ։

– Դրանք խաղեր են, կամ պետք է կառավարության որոշումով փոխեն այդ կոնցեպտը։ Միգուցե գնան դրան, բայց ես դեռ դրա հավանականությունը չեմ տեսնում։ Դա պարզապես ՌԴ-ի կողմից է շահարկվում։ Եվ նորից կրկնեմ, որ մեր նախկին իշխանավորները, եթե նույնիսկ առճակատման մեջ են այսօրվա իշխանությունների հետ, պետք է հասկանան, որ չպետք է դառնան գործիք Ռուսաստանի այդ շանտաժի մեջ։ Իրենք իրենց գործը պետք է անեն, իրենց պաշտպանեն, պայքարեն, բայց գործիք չդառնան, դա շատ վտանգավոր է պետության համար։

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կարճատև հանդիպումը, ձեռք բերված պայմանավորվածությունները որքանո՞վ են ռեալ՝ հաշվի առնելով, որ պայմանավորվածություններից հետո էլ հրադադարի ռեժիմի խախտում ադրբեջանական կողմից եղել է։

– Նախ՝ ակնհայտ է, որ ավելի լավ է հանդիպել, քան կռվել։ Վատ չէ, որ այդ հանդիպումը, թեկուզ՝ պատահական, բայց ստացվեց։ Դուք գիտեք՝ նախատեսված չէր, բայց այնպես ստացվեց, որ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ իրար տեսան, մի քիչ խոսեցին։ Ես դա դրական եմ գնահատում, բայց միամիտ չպետք է լինենք։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը շատ անկանխատեսելի գործընկեր է, եթե նույնիսկ այդ հանդիպումը Ալիևին դուր եկավ, այնուամենայնիվ, ինքը կգնա այդ քայլերին՝ կկրակի, սադրանքներ կանի, բայց կարևոր է դրա մասշտաբը, թե ինչքանով կապակայունացնեն իրավիճակը։ Մի բան է, որ օրը հազար անգամ են կրակում, մեկ այլ բան՝ երբ 200 անգամ։ Դա նշանակում է, որ լարվածությունը մի քիչ փոքրացավ, չէ՞։ Դա է պատճառը, որ ես կողմ եմ, որ հանդիպեն։ Բայց, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանը կարողացավ նախաձեռնությունը խլել Ադրբեջանի ձեռքից։ Նախկինում իրենք էին նախապայման դնում՝ ասելով՝ տարածքներից դուրս բերեք ձեր զորքերը, մենք կհանդիպենք, այսօր հակառակն է՝ Նիկոլ Փաշինյանն է ասում՝ մենք պատրաստ ենք հանդիպել, բայց դուք պետք է հաշվի առնեք Արցախի իրավունքը, նրա կարգավիճակի վերականգնումը բանակցային գործընթացում, և այլն։ Նախաձեռնությունը մերն է, և պետք չէ վախենալ, որ ինչ-որ չափով նրանք խախտում են զինադադարը. ցանկացած դեպքում հանդիպումն ավելի ճիշտ է, քան չհանդիպելը։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ արդյունքներ կարող ենք ունենալ։

– Ես կարծում եմ՝ մեծ արդյունքներ չենք ունենա, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէ։ Մենք միամիտ չենք, չեմ կարծում, որ Հայաստանում կա մարդ, ով մտածում է, թե Ալիևի հետ գործ ունենալը հեշտ է, բայց չհանդիպելն էլ ճիշտ չէ։ Այն, որ եկան համաձայնության, որ թեժ գիծ բացեն, դա շատ կարևոր է։ Շատերը մոռացել են, որ այդ թեժ գիծը երկար ժամանակ կար 90-ականներին՝ պատերազմից հետո։ Դա շատ է օգնում, բայց պետք է միամիտ չլինենք, հասկանանք, որ նրանք անկանխատեսելի են, բայց այդ քայլերով դու առաջինը քո իմիջն ու դիրքերն ես ուժեղացնում աշխարհում, երկրորդ՝ Ալիևը, քեզ հետ խոսելով, ուզած-չուզած՝ պետք է փոխի իր դիրքերը նաև ներքին քաղաքականության մեջ։ Ի վերջո, վաղը Բաքվում իրեն ի՞նչ են ասելու, ինչի՞ մասին է խոսել։ Հետևաբար, իմ կարծիքով՝ նման հանդիպումները դրական են և ճիշտ։

 

Տեսանյութեր

Լրահոս