Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀԿ-ի հետ առաջին բանակցության արդյունքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հարցը: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ սա Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների թեմայով առաջին հանդիպումն էր:
«Մենք մտքեր փոխանակեցինք այդ հարցի վերաբերյալ և պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք չէ մտածել, որ մեկ հանդիպման արդյունքում պետք է որոշումներ կայացվեն:
Վարչապետը ասաց, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ:
Վարչապետը նշեց, որ ապագա խորհրդարանում ինչ արդյունք էլ գրանցվի` քաղաքական ընդդիմությունը պակաս ներկայացված չի լինի, քան այսօր է:
«Ես ուզում եմ ասել, այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ ըստ գործող սահմանադրության, խորհրդարանում 1\3 պետք է ընդդիմադիր լինի: Եթե անգամ ապագա խորհրդարանում որեւէ ուժ 80 տոկոս ձայն ստանա, ընդդիմադիր ուժերի ներկայացվածությունը չի կարող այսօրվանից պակաս լինել: Կլինի այն, որ կառավարությունը կունենա մեծամասնություն, որը նրան հնարավորություն կտա լիարժեք գործել եւ ըստ էության զբաղվել երկրի օրակարգի հարցերով: Կունենանք լեգիտիմ իշխանություն`խորհրդարանական մեծամասնություն եւ լեգիտիմ փոքրամասնություն: Եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը կամ ուժերը հինգ տոկոս ձայն հավաքի, ինքը բոնուսով ստանալու է այնքան ձայն, որ 1\3 կկազմի եւ ընդ որում, ունենալու է երաշխիքներ`ԱԺ նախագահի տեղակալի համար: Էլ չեմ ասում, որ այդ երաշխիքները կարող ենք ուժեղացնել, եթե որեւէ կասկած կա: Պատրաստ ենք, որ ընդդիմությունը ԱԺ-ի հանձնաժողովի նախագահի համար էլ քվոտա ունենա: Այսօր գոյություն ունեցող կարգավորումները երաշխավորում են, որ 1\3-ը `30 պատգամավոր, ընդդիմադիր կլինի»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնեց, որ այս պահին արտահերթ ընտրությունների անցկացման մասին ՀՀԿ-ից համաձայնություն չի ստացվել:
«Այս պահին հանրապետականներն, ըստ էության, մեծ հաշվով հրապարակային հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2022 թվականին տեղի ունենան, եւ ես ասում եմ, որ դա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետեւ քաղաքական պրոցեսների արդյունքում բնականորեն ամեն ինչ հանգել է նրան, որ այսօր ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Մինչեւ դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, որովհետեւ բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եւ եթե որեւէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է, որ ցանկանում է ժողովուրդը շունչը պահած շարունակի մնա»,- ասաց վարչապետը: