«Կարծես մենք էինք Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում կարճ ժամանակահատվածում բյուջեն առնվազն 800 մլն դոլարով ավելացնել». Աշոտյանը՝ Փաշինյանին
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելուց, Ալիևի կրթական ցենզը գովալուց և ինձ պատասխանելուց զատ այսօր 3 կարևոր քաղաքական ուղերձով փորձեց նախահարձակ լինել՝ առաջանցիկ տեմպերով իր վրայից գցելով պատասխանատվությունը։
1. Ղարաբաղյան հակամարտության շուրջ օրեր առաջ ձեռքբերված և հանրությանը մեծ շուքով որպես մեծագույն դիվանագիտական առաջընթաց հրամցված պայմանավորվածությունների մասով Ալիևը իրոք կրկին կարող է խաբել։
2. Ազդարարված քաղաքական կոնսուլտացիաներից առաջ սեփական փաստարկների խոցելիությունը նախապես քողարկեց զանգվածային ակցիաների սպառնալիքներով։
3. 2019-պետական բյուջեի նախագիծը, որով մինչ իշխանափոխություն տրված ոչ մի լուրջ խոստում չի իրականանա, պարզվում է, էլի նախորդ իշխանությունների ձեռքի գործն է, կարծես մենք էինք Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում կարճ ժամանակահատվածում բյուջեն առնվազն 800 մլն դոլարով ավելացնել։
Հաջորդ շաբաթը խորհրդարանական է, այս և այլ հարցերի մասին խոսելու առիթը կունենանք»: