Պատմություն խելագար տղաների մասին. Boixos Nois
Boixos Nois-ը Եվրոպայի ամենահեղինակավոր ֆան-ակումբներից մեկն է, որին հարգում են ակումբին հավատարմության և Կատալոնիայի նկատմամբ խելահեղ հայրենասիրության համար: Boixos Nois-ը կատալոնական «Բարսելոնայի» ամենախենթ, ամենահակասական, բայց, միևնույն ժամանակ, ամենսիրված երկրպագուական ակումբն է:
Boixos Nois-ին կամ ընդունում և սիրում են, կամ՝ ատում: Դրա համար գործունեության տարիներին ֆան-ակումբը ունի թշնամիների և ընկերների բանակ:
Boixos Nois-ի ընկերներն են՝ Indar Gorri («Օսասունա»), Pen’a Mujika («Ռեալ Սոսեդադ»), «Վերդերի» երկրպագուները:
Թշնամիներ՝ Ultras Sur («Ռեալ Մադրիդ»), Brigadas Blanquiazules («Էսպանյոլ»), Biris Norte («Սևիլիա»), Frente Atletico («Ատլետիկո Մադրիդ»):
Boixos Nois-ի տարբերանշանը ևս շատ աչքի ընկնող է: Լոգոյի վրա պատկերված է բուլդոգ տեսակի շուն, առկա են նաև Կատալոնիայի դրոշը, Boixos Nois և F.C.Barselona բառերը: Ըստ ֆան-ակումբի կողմից տարածվող լեգենդի՝ ակումբի յուրաքանչյուր անդամ պետք է ունենա ֆան-ակումբի տարբերանշանով դաջվածք: Ինչո՞ւ հենց բուլդոգի պատկեր: Ֆան-ակումբի անդամներն իրենց համարում են կատաղի բուլդոգներ, ովքեր ցանկացած պահի կարող են պաշտպանել իրենց սիրելի ակումբը:
Boixos Nois-ը կատալոներենից թարգմանվում է որպես խելագար տղաներ, սակայն կա թարգմանության ևս երկու տարբերակ.
ա) «Քամփ Նոու» մարզադաշտից ոչ հեռու կա «Can Boixeres» մետրոյի կայարանը: Կարելի է ենթադրել, որ ֆան-ակումբի հիմնադիրները ապրել կամ հաճախ հավաքվել են այս մետրոյի կայարանում:
բ) «boix» բառը Կատալոնիայում հաճախ հանդիպող ծառերից մեկի անունն է: Հավանական է, որ Boixos Nois-ը նշանակում է այդ ծառի նման ուժեղ տղաներ:
Բայց այս ամենը միայն շշուկների մակարդակով է, քանի որ ֆան-ակումբի հիմնադիրները համարում են «Boxos Nois»-ի թարգմանության ճիշտ տարբերակը խելագար տղաները: Թեև բառի մեջ մի քերականական սխալ կա, քանի որ ճիշտ է գրել «boihos», ինչը կատալոներենում նշանակում է «խենթ»:
Boixos Nois-ը հետաքրքիր և յուրօրինակ ֆան-ակումբ է, քանի որ նրանց հետ հանդիպումներից խուսափում են անգամ կատալոնական «Բարսելոնայի» մյուս երկրպագուական ճամբարները:
Ինչպե՞ս ստեղծվեց Boixos Nois-ը և ինչո՞ւ
80-ականները Կատալոնիայում շատ դժվար ժամանակներ էին: Ներքաղաքական պայքարը հասել էր այնպիսի չափերի, որ կատալոնացիների համար միակ փրկությունը ֆուտբոլն ու մարզադաշտում սեփական ակումբին աջակցելն էր: Այս իրադարձությունների ֆոնի վրա, 1981 թվականին ռազմատենչ Կատալոնիայում ձևավորվեց Boixos Nois ծայրահեղական խմբավորումը, որի համար ֆուտբոլը փոխարինեց ընտանիքները, նպատակները, երջանիկ ապագայի հույսերը: Իսկ «Բարսելոնայի» ցանկացած մրցակից և նրանց երկրպագուները դարձան երկրպագուների այս ճամբարի արյան թշնամիներ:
Խումբը առաջին մեծ վեճը կազմակերպել է 80-ականների սկզբին Բադալոնա փոքր քաղաքում, որտեղ կատալոնացի երկրպագուները դաժան ծեծի են ենթարկել «Ատլետիկո Մադրիդի» երկրպագուներին: Այս կռվում Boixos Nois-ն օգտագործել է «առանց փոխզիջման» կարգախոսը և սկսել է ոտքերով ծեծել «Ատլետիկոյի» երկրպագուներին, ովքեր ընկած էին գետնին: Սա առաջին դեպքն էր, երբ երկրպագուները նմանատիպ պահվածք ցուցաբերեցին Իսպանիայում՝ վախեցնելով և զգուշացնելով կատալոնական ակումբի բոլոր հակառակորդներին: Դաժան, կոպիտ, բայց սեփական ակումբին չափազանց նվիրված երկրպագուները իսկական սարսափ էին դարձել մյուս թիմերի երկրպագուների համար:
Ultras Sur-ի («Ռեալ Մադրիդ») հետ հարաբերությունները հատկապես լարված են: Երկար տարիներ կատալոնական ակումբի երկրպագուական այս ճամբարը ոչ մի փոխզիջման չի գնացել և ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերել «արքայական ակումբի» երկրպագուների հետ՝ չնայած նրան, որ մադրիդյան կողմը անընդհատ փորձել է հաշտություն կնքել և Կլասիկոները անցացնել առանց բախումների:
Սկզբում ֆան-ակումբի կազմում 50 տղաներ էին՝ մարդիկ, ում միակ նպատակը Կատալոնիայի անկախությունն էր: Նրանք այդ գաղափարը տանում էին մարդաշատ՝ ներկելով ամբողջ «Քամփ Նոուն» Կատալոնիայի դրոշի գույներով: Մի փոքր վայրի, բայց ակումբին անսահման նվիրված տղաները հետագայում փոխվեցին՝ վարելով ավելի կրիմինալ կենսակերպ: Սա կապված էր նրա հետ, որ ֆան-ակումբի մի շարք հիմնադիր անդամներ լքեցին ակումբի ճամբարը՝ քաղաքական հայացքների պատճառով: Կար շրջան, որ ֆան-ակումբի անդամները վերածվել էին իսկական ռասիստների և մեջքով էին պտտվում այն ժամանակ, երբ կատալոնական ակումբի կազմում գոլ էր խփում սևամորթ ֆուտբոլիստը: Սակայն, արդեն 90-ականների սկզբին ֆան-ակումբում ժխտվեցին նման մոտեցումները և վերսկսվեց այն պայքարը, որի համար հիմնադրվել էր ֆան-ակումբը: Boixos Nois-ը, միևնույն ժամանակ, շարունակում էր մնալ չափազանց վայրի և հաճախ ֆուտբոլային հասարակության համար ոչ ընդունելի:
Boixos Nois-ի պատմության համար բեկումնային եղավ 1991 թվականը, երբ ֆան-ակումբի անդամները սպանեցին «Էսպանյոլի» երկրպագուներից մեկին: Պարզվեց, որ այդ սպանությունը եղել է վրեժ այն բանի համար, որ «Էսպանյոլի» մի քանի երկրպագուներ ծեծել են ֆան-ակումբի ներկայացուցիչներից մեկին: Boixos Nois-ի 5 ներկայացուցիչներ «Էսպանյոլի» հերթական խաղերից մեկից առաջ հարձակվել էին մի քանի երկրպագուների վրա, ծեծել նրանց, իսկ մեկին՝ դանակահարել: Այս դեպքերից 3 տարի հետո երկրպագուները ձեռբակալվեցին և դատապարտվեցին 26 տարվա ազատազրկման:
Այս դեպքերից հետո կատալոնական ակումբի ղեկավարությանը չբարկացնելու համար ֆան-ակումբը ստեղծեց Casual FCB անունը կրող թաքուն խումբ: Այս անվան մեջ Casual-ը նշանակում է երկրպագուների հագուստի ոճը: Այս խմբի երկրպագուները հագնվում էին շատ հասարակ՝ առանց ակումբի տարբերանշանների, մեկնում էին արտագնա խաղերին և ֆիքսում էին պոտենցիալ թշանմիներին:Երկար տարիներ կատալոնական ակումբի այս երկրպագուները սարսափ էին առաջացնում բոլոր մարզադաշտերում, քանի որ նրանց տարբերելը գրեթե անհնար էր:
2003 թվականին Ժուան Լապորտան արգելեց էքստրիմներին ներկա գտնվել կատալոնական ակումբի բոլոր խաղերից: Այժմ ֆան-ակումբի անդամները առանձին են գնում մարզադաշտ, որպես սովորական հանդիսատես, սակայն դա չի ստիպում նրանց դադարեցնել մարզադաշտից դուրս հավաքվելը և վայրի կերպարը պահպանելը:
Չնայած Լապորտայի արգելքին՝ ֆան-ակումբի անդամները գնում են մարզադաշտեր՝ փոքր խմբերով, և հաճախ հրահրում են բախումներ: Տարիների ընթացքում ֆան-ակումբի մի շարք հիմնադիր անդամներ ձերբակալվել են, սակայն ֆան-ակումբը երբեք չի դադարել գոյություն ունենալ և միշտ գտել է հարազատ ակումբին երկրպագելու տարբերակներ: «Բարսելոնայի» կարգախոսն է «Ավելի քան ակումբ»՝ ընտանեկան արժեքներ, աշխարհի բոլոր երկրպագուների աջակցություն, ժողովրդավարական արժեքների պաշտպանություն: Boixos Nois-ը, ըստ ֆան-ակումբի ներկայացուցիչների, այս ամենի հակառակ կողմն է, սակայն ևս պաշտպանում է«Ավելի քան ակումբ» կարգախոսը, քանի որ պաշտպանությունը ոչ միայն խոսքերն են, այլև ուժը և միասնությունը: Boixos Nois-ը «Բարսելոնայի» բռունցքներն ու ուժն է և չի հանգստանա այնքան ժամանակ, մինչև չկատարվի 1981 թվականին ձևավորված նպատակը՝ Կատալոնիայի անկախությունը:
Սիրարփի Աղաբաբյան