
«Այդ նորմալ ու կրթված Ալիևը Ռամիլ Սաֆարովին հերոսացրեց». Էդուարդ Շարմազանով

ԱԺ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման այն հայտարարությանը, թե Ալիևը կրթված մարդու տպավորություն է թողել:
«Ծանոթացա մեր վարչապետի կարծիքին` Ալևի մասին։ Ասում է նորմալ, կրթված մարդու տպավորություն թողեց։ Ախր շատ տարօրինակ բաներ են կատարվում։ Այդ նորմալ, կրթված մարդու հրամանով 2016 թվականի ապրիլին ագրեսիա է տեղի ունենում Արցախի վրա։ Այդ նորմալ մարդը մեր զինվորին գլխատած ստահակին պարգևատրում է։ Այդ նորմալ ու կրթված Ալիևը Ռամիլ Սաֆարովին հերոսացրեց։ Վերջապես այդ նորմալ մարդը օր ու գիշեր խոսում է Արցախը գրավելու և Երևանն ու Զանգեզուրը վերադարձնելու մասին։ Չմոռանամ ասել. երրորդ Ռեյխի ղեկավարներն էլ անգրագետ չէին, բայց ամբողջ Եվրոպան քարուքանդ արեցին»,- ասել է Շարմազանովը: