Հրադադարի ռեժիմը խախտվել է թե՛ ղարաբաղաադրբեջանական շփման գծում, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին
Արցախի ՊԲ-ից 168.am-ին տեղեկացրեցին, որ նախորդ գիշեր շփման գծում հրադադարի խախտման 32 դեպք է գրանցվել, կրակոցների ընդհանուր քանակը 362 է։ Ինչ վերաբերում է այս գիշերվա դեպքերին, մեզ տեղեկացրին, որ տվյալները դեռ ամփոփված չեն։
ՀՀ ՊՆ-ից էլ մեզ տեղեկացրեցին, որ թե՛ Տավուշի, թե՛ նախիջևանյան ուղղությամբ այս և նախորդ գիշեր հրադադարի ռեժիմի խախտում գրանցվել է, եղել են անկանոն կրակոցներ։
Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերից հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ ղարաբաղաադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով միջոցներ են ձեռնարկվելու հրադադարի խախտման դեպքերը կանխելու վերաբերյալ։
«Երեկ երեկոյից ես համապատասխան հրաման եմ տվել մեր Զինված ուժերին, և ուրախ եմ արձանագրել, որ նախորդ գիշերը եղել է ամենահանգիստ, ամենախաղաղ գիշերը՝ իմ պաշտոնավարման 4 ամիսների ընթացքում»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ մարդաորսին պետք է դադար տրվի։
«Այդ մասին մենք Ադրբեջանի նախագահի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն։ Արձանագրվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է բանակցություններով լուծվի։ Համաձայնություն ունենք նաև օպերատիվ կոմունիկացիոն կապ ստեղծել՝ կհանձնարարենք մեր համապատասխան գերատեսչություններին, որ նրանք օպերատիվ կապ հաստատելու համար համակարգ մշակեն»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանի այս հայտարարությունը մտահոգություն է առաջացրել փորձագիտական շրջանակներում։ Օրինակ՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Փաշինյանը դեռ մինչև վերջ չի ըմբռնել ո՛չ մինչ այժմ տեղի ունեցած բանակցային գործընթացի էությունը, ո՛չ Ադրբեջանի ձգտումների սահմանաչափը, և ո՛չ էլ մեր տարածաշրջանի քաղաքական գործընթացների տրամաբանությունը.
«Եկել՝ ասում է, թե պարզվեց՝ փակ դռների ետևում բանակցում են, վիճում են, հարգում են դիմացինի սուվերենությունը, և այլն։ Այ քեզ նորություն…»։