«Մոսկվայում գուցե եղել էր այն հարցը, թե ով է Նիկոլ Փաշինյանը». քաղաքագետ
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով՝ Հայաստանում ձևավորված նոր իշխանությունների կողմից հնչող մեսիջները՝ կապված արտաքին քաղաքականության հետ, հիմնականում այն մասին են, որ այդ ուղղությամբ Հայաստանի վարած արտաքին քաղաքականության գերակայությունները չեն փոխվում։ Այստեղ Հայաստանը շարունակում է հանդես գալ՝ որպես հուսալի և կանխատեսելի գործընկեր։
«ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները՝ տարածաշրջանի առումով, շարունակում են մնալ Արցախի հիմնահարցի կարգավորման հետ կապված հարցերը և բոլոր այն խնդիրները, որոնք առնչվում են այս հարցին։ Գերակա մյուս ուղղությունը, բնականաբար, վերաբերում է այն դիրքորոշմանը, որը ներկայացված է եղել որպես պատրաստակամություն՝ շարունակել Արցախի հիմնահարցի բանակցային գործընթացը։ Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ։ Հայ-վրացական հարաբերությունների բարիդրացիական շփումը պահպանվում է։ Իրանի հետ կապված՝ արդեն տեսանք, որ նախագահ Ռուհանին ՀՀ վարչապետին հրավիրեց Իրան։ Այստեղ կապը կա, պահպանվում է երկխոսություն»,- նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով հա-ռուսական հարաբերություններին, Ալեքսանդր Մարկարովը փաստեց, որ այստեղ կային խնդիրներ այն իմաստով, որ պաշտոնական Մոսկվայում գուցե եղել էր այն հարցը, թե ով է Նիկոլ Փաշինյանը, որի պատասխանն աստիճանաբար ստանում են։
«Մոսկվայում տեսան, որ ՀՀ վարչապետը հաճախ շեշտում է Հայաստանի և Ռուսաստանի բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը։ Որոշ խնդիրներ եղան՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ, Ռուսաստանում այս ամենը մի քիչ բարդ էին ընկալում։ Գուցե այս ամենի վերաբերյալ խոսեն, բացատրեն և հասկանան, թե ինչպես են զարգանալու հետագա փոխհարարաբերությունները։ Ֆորմալ տեսանկյունից այս պահին ամեն ինչ կարգին է, առաջիկայում կտեսնենք, թե գործնականում այդ ամենն ինչպես է դրսևորվելու։ Չնայած տեսնում ենք, որ տնտեսական և ռազմավարական համագործակցության տեսանկյունից հիմնական ուղղությունը պահպանվում է»,- շեշտեց Ա. Մարկարովը։
Ինչ վերաբերում է ՀՀ ներքին քաղաքականությանը, ապա, քաղաքագետի խոսքով՝ ՄԱԿ-ի իր ելույթի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնականում ներկայացրեց վերջին 3-4 ամիսների ընթացքում Հայաստանի պատմությունը, թե ինչպես Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխությունը, առաջիկայում կլինի՞ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ, և այլն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան