16 հազար աղջիկներից պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է միայն 5 տոկոսը

Նախորդ տարվա դեկտեմբերի 11-ից Հայաստանում մեկնարկել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը։ Մայրաքաղաքում և մարզերում պետք է պատվաստվեն 2004 թվականին ծնված 16 հազար աղջիկ երեխաներ, պատվաստումն իրականացվում է «Գարդասիլ» պատվաստանյութով։

168.am-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ մինչև այսօր 16 հազարից միայն 5 տոկոսն է անցել պատվաստում։

Ըստ նրա, այս ամենի պատճառն այն է, որ ծնողներն ունեն մտավախություն, որ պատվաստվելուց հետո իրենց աղջիկ երեխաները կդառնան չբեր։ Մյուս կողմից էլ՝ բուժաշխատողներն են դադարել այդ ուղղությամբ աշխատել ծնողների հետ։

«Բուժաշխատողներն էլ հայտարարում են, որ իրենց արդեն սպառել են և այլևս չեն կարող ծնողների հետ աշխատել, նրանց բազմաթիվ անգամներ հրավիրում են պոլիկլինիկաներ, սակայն չեն ներկայանում։ Բացի այդ, միչև պատվաստման ներդրումը,  երկրում արդեն գնում էր հակաքարոզը, և բնակչության մեջ ձևավորվել է այն կարծիքը, որ սա չարիք  պատվաստանյութ է։ Որքան էլ փորձեցինք մարդկանց բացատրել, որ «Գարդասիլով» ամբողջ աշխարհում պատվաստվում են, միևնույն է՝ մտավախություններ ունեն»,- հավելեց Գ. Սահակյանը։

Կարդացեք նաև

Նրա տվյալներով, պատվաստվելու առումով ամենավատ ցուցանիշը գրանցվել է Երևանում, լավ ցուցանիշներ են գրանցվել Արմավիրում։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է՝ այս իրավիճակում, դադարեցվի պատվաստումը, Գայանե Սահակյանը փաստեց, որ սա պլանային  գործընթաց է  և չի դադարեցվելու։
«Հուսամ, առաջիկայում տեղեկատվությունն իրոք տեղ կհասնի, և մարդիկ աստիճանաբար կհասկանան, որ այստեղ վտանագավոր ոչինչ չկա»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Զվարթ  Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս