Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը
Սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է Հայաստանի և Սլովակիայի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը:
Նախարար Մնացականյանը շնորհավորել է իր գործընկերոջը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած արդյունավետ նախագահության կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:
Նախարարներ Մնացականյանը և Լայչակը մտքեր են փոխանակել Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիման վրա համագործակցության հետագա խթանման հեռանկարների շուրջ։
Կողմերն անդրադարձել են ԵԱՀԿ-ում Սլովակիայի առաջիկա նախագահության առաջնահերթություններին: Զոհրաբ Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման գործընթացում: