Արարատի մարզում մթերվել է 42 հազար 427 տ խաղող
Սեպտեմբերի 28-ի դրությամբ մարզի 15 վերամշակող գործարանների կողմից մթերվել է 42 հազար 427 տ խաղող` 1 կգ-ը 140 դրամով, առանձին սորտեր (,Կախեթե) մինչեւ 190 դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Արարատի մարզխորհրդի նիստի ժամանակ հայտարարեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Վանիկ Սանոյանը:
Նա հույս հայտնեց, որ խաղողի մթերման բարձր գինը հետագայում մարզում կխթանի խաղողագործության առաջընթացը: Մարզի չորս պահածոների գործարաններում եւ Պռոշյանի գինու գործարանում սեպտեմբերի 26-ի դրությամբ մթերվել է 13 հազար 632 տ բանջարեղեն: Այս պահին մարզում շարունակվում է պտղի բերքահավաքը: Օպերատիվ տվյալներով, սեպտեմբերի 20-ի դրությամբ արտադրվել է 65 հազար 400 տ պտուղ, այդ թվում ծիրան` 34 հազար 800 տ, որից արտահանվել է մոտ 25 հազար տոննան:
Նույն ժամանակահատվածի տվյալներով մարզում արտադրվել է 11 հազար 752 տ հացահատիկ եւ հատիկաընդեղեն, կարտոֆիլ` 16 հազար 500 տ, բոստան` 35 հազար 400 տ, բանջարեղեն` 107 հազար տ, որից լոլիկ` 45 հազար 600 տ, կուտակվել է խոտ` 64 հազար տոննա: Սանոյանն ընդգծեց նաեւ, որ ներկայումս սահմանամերձ Զանգակատուն համայնքում հակառակորդի դիտարկման տակ գտնվող 11 հա գարի չի հնձվել, որի համար տեղեկատվություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:
Սանոյանի խոսքով`անցնող տարվա բարձր ջերմային ֆոնը մեծ դժվարություններ է ստեղծել ինչպես ջրօգտագործողների, այնպես էլ ջրամատակարարների համար: Հատկապես Արտաշատ ՋՕԸ-ի կողմից սպասարկող Նարեկ, Քաղցրաշեն, Գոռավան, Վանաշեն, Այգեստան համայնքներում ոռոգման աշխատանքները կազմակերպելու համար փորձել են անել առավելագույնը ջրի մատակարարումն ապահովելու նպատակով, սակայն ջրի սակավության պատճառով ջրօգտագործողների կողմից եղել են դժգոհություններ: Սեպտեմբերի դրությամբ ջրտուքը դաշտում կազմել է 110 մլն 753 հազ խ/մ, 2017 թ-ի ամբողջ ոռոգման շրջանում տրվել է 123 մլն խ/մ ջուր:
Լիլիթ Մաճկալյան