
Մարդատար Boeing-ը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել ջրի վրա

Պապուա-Նոր Գվինեայի Air Niugini ազգային ավիաընկերության մարդատար Boeing 737-800-ը ինքնաթիռը Միկրոնեզիայում վթարային վայրէջք է կատարել ջրի վրա: Այդ մասին հայտնել է Pacific Daily News տեղական թերթը՝ վկայակոչելով օդանավակայանի ղեկավարությանը: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ի առավոտյան:
Տրուկ կղզիներ ընթացող ինքնաթիռը վայրէջք կատարելիս ջուրն է ընկել թռիչքավայրէջքային գոտուց մոտավորապես 150 մետր հեռավորության վրա: Օդանավում եղել է 36 ուղեւոր եւ անձնակազմի 11 անդամ:
Միկրոնեզիայի Տրուկի նահանգի օդանավակայանի կառավարիչ Ջիմմի Էմիլիոյի խոսքով՝ նրանց այժմ զննում են բժիշկները, սակայն լուրջ վնասվածքների մասին հաղորդումներ չեն ստացվել: Մինչդեռ ականատեսները պնդում են, որ կան տուժածներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: