Մերիլին Մոնրոյի սև կաբրիոլետն աճուրդի են հանել 500 հազար դոլարով
1956 թվականի արտադրության Ford Thunderbird ավտոմոբիլը՝ ծալովի ծածկով, որը վարել է դերասանուհի եւ երգչուհի Մերիլին Մոնրոն (1926-1962 թթ.) ԱՄՆ-ում դրվել է Julien’s Auctions-ի աճուրդում: Ավտոմեքենան նախնական կարգով գնահատված է 500 հազար դոլար: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:
Ավտոմեքենան ամերիկացի դերասանուհու համար ձեռք է բերվել Marilyn Monroe Productions ընկերության կողմից: Համարվում է, որ այն նրա բիզնես-գործընկեր եւ լուսանկարիչ Միլթոն Գրինի (1922-1985 թթ.) Սուրբծննդյան նվերն էր: Դերասանուհին մեքենայի տերն է դարձել դրամատուրգ եւ արձակագիր Արթուր Միլլերի (1915-2005 թթ.) հետ ամուսնանալուց կես տարի առաջ: Զույգը դրանով եկել էր պսակադրությանը: «Մերիլինը սիրում էր ավտոմեքենա վարել,-հրատարակությունը մեջբերում է Միլթոն Գրինի տիկնոջ՝ Էմիի խոսքը:-Մենք նստում էինք կաբրիոլետը եւ ճանապարհով սլանում քամուն ընդառաջ»:
Մոնրոն ավտոմեքենան օգտագործել է վեց տարի եւ դրանով անցել գրեթե 50 հազար կիլոմետր, իսկ այնուհետեւ այն նվիրել է դերասանական վարպետության իր ուսուցչի՝ Լի Սթրասբերգի (1901-1982 թթ.) որդուն՝ 18-ամյա Ջոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: