ՌԴ ԱԳ փոխնախարարը քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացրել Բաքվում
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Բաքվում քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացրել Ադրբեջանի իր պաշտոնակից Խալաֆ Խալաֆովի հետ: Հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունը սեպտեմբերի 27-ին զետեղված է ՌԴ ԱԳ նախարարության կայքում։
«Քննարկվել են քաղաքական, տնտեսական եւ հումանիտար որորտներում երկկողմ համագործակցության լայն շրջանակի հրատապ հարցեր: Հաստատվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ռազմավարական բնույթը: Առանձնակի ուշադրություն է դարձվել փոխգործակցությանը տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակում»,- ասված է փաստաթղթում:
Սեպտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Բաքու, որտեղ պլանավորված է նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Երկու երկրների ղեկավարները կանցկացնեն երկկողմ հանդիպում, ինչպես նաեւ ելույթ կունենան ռուս-ադրբեջանական իններորդ միջտարածաշրջանային համաժողովի լիագումար նստաշրջանում եւ ներկա կլինեն ձյուդոյի աշխարհի 32-րդ առաջնության վերջին օրվա մրցումներին: Բաքվում կայանալիք միջոցառումներից հետո ռուսական պետության ղեկավարը կմեկնի Դուշանբե, որտեղ սեպտեմբերի 27-ին սկսվում է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների երկօրյա հանդիպումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: